«Հայաստանը չի դասվում Աֆղանստանի և Պակիստանի շարքին» (տեսանյութ)
2013 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հայտնաբերված հանցագործությունների թիվը 1222 է: Այսօր Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013թ. տարեկան զեկույցի ասուլիսի շրջանակներում տեղեկացրեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր ՀՀ ոստիկանության վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Մինասյանը: Ոստիկանության տվյալների համաձայն` վերջին 7 տարիների ընթացքում նմանաբնույթ հանցագործությունների ամենաշատ թիվը գրանցվել է 2011 թվականին` 1525 հանցագործություն: Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013թ. տարեկան զեկույցը ներկայացնելով՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ այս տարվա զեկույցում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել տնտեսական խնդիրները: «Այս զեկույցում Հայաստանը աշխարհագրորեն ընդգրկվել է Արևմտյան Ասիայի երկրների խմբի մեջ, այս տարածաշրջանը կենտրոնական է հանդիսանում օփիումի շրջանառության տեսանկյունից: Խմբի մեջ են Աֆղանստանը, Պակիստանն և Իրանը, բարեբախտաբար Հայաստանը այդ երկրների շարքին չի դասվում, չնայած վերջերս ոստիկանության կողմից հայտնաբերված թմրամիջոցների մեծ ծավալին»: