Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների մոտ շատ են էնդոկրին խնդիրները

Հասարակություն
վանաձոր2

Մարտի 22-ին և 23-ին «Օգնության ձեռք» նախաձեռնությունն այցելեց Վանաձոր` շարունակելով բուժզզնումն ու ախտորոշման աշխատանքները անապահով ծերերի և մանուկների շրջանում: Այս անգամ մատակարարվեց մոտ 30 անուն դեղամիջոց «Հույսի տուն» ինտերնատի ծերերին, ովքեր հետազոտվել էին «Օգնության ձեռքի» նախորդ այցի ժամանակ: Այց կատարվեց նաև «Օրրան Գրիգորյան» կենտրոն, որտեղ հետազոտվեցին ու ախտորոշվեցին տասնյակ երեխաներ անապահով ընտանիքներից: Ինչպես նաև բուժզննում անցկացվեց «Վանաձորի տարեցների տան» 41 ծերերի և մի քանի շահառուների շրջանում: Վանաձորի տարեցների տան տնօրեն Մանուշակ Օհանյանը ցավով նշում է, որ սովորաբար թերապևտիկ խորհրդատվությունից ու պոլիկլինիկաներում առաջին բուժօգնությունից բացի, այլ լուրջ բժշկական հետազոտություններ չեն արվում: Ամենաշատը կարիք կա վիրահատությունների: Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի խոսքով`թերապևտիկ հետազոտությունների արդյունքում պատկերը հետևյալն է. ծերերի մոտ ավելի հաճախ հանդիպում են անոթային, թոքերի ու սրտի հետ կապված, իսկ երեխաների մոտ` էնդոկրին խնդիրները: Նա հավաստիացրեց, որ վերադառնալով Երևան՝ գտնելու են աջակիցներ, ապահովելու են վիրահատություններ ու իրականացնելու են դեղորայքային բուժումները: «Օգնության Ձեռք» նախագծի կազմակերպիչներն են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, MPMS մարքեթինգային ընկերությունը, Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիան: Նախագծին մասնակցում էր 33 բժիշկ Երևանի տարբեր բուժկենտրոններից: Նախաձեռնությանն աջակցում են ԿՀՄԻ ԲԱԿ ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնը, Վիտալայն ախտորոշիչ կենտրոնը, Platinum Ink-ը, Bon Farm, Zambon Farma, Walmark դեղագործական ընկերությունները և այլն:   վանաձոր1