Այլեւս պատգամավորներից քիչ են վաստակում
Տալլինում հրատարակվող Postimees օրաթերթը պատրաստ է 2000 եվրո աշխատավարձ տրամադրել պրոֆեսիոնալ լրագրողին, որպեսզի նա այլ լրատվամիջոցից տեղափոխվի իրենց մոտ: Էստոնիայում լրագրողների աշխատավարձը սկսվում է 1000 եվրոյից: Այս մասին Արեւելյան գործընկերության էստոնական եւ Երեւանի ԵՄ կենտրոնների ծրագրով ժամանած հայ լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Մերիթ Կոպլին :
150 տարվա պատմություն ունեցող թերթի միջին տարիքի խմբագիրը գերմաներենի մասնագետ է: Ասում է՝ տարեց տարի ավելի դժվար է լինում գտնել լրագրողի կրթությամբ մասնագետի: Եթե 10 տարի առաջ լրագրողներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանում, քան պատգամավորները, հիմա այլեւս այդպես չէ,- ասում է նա: Պատգամավորների աշխատավարձը մոտ 4000 եվրո է:
Ըստ Մերիթ Կոպլինի՝ լրագրությունն Էստոնիայում այնպես հրապուրիչ չէ, ինչպես 90-ականներին: Շատ լրագրողներ գերադասում են PR-ով զբաղվել, քանի որ ոչ միայն աշխատավարձն է բարձր, այլեւ, ի տարբերություն լրագրության, սթրեսային չէ:
«Ես երիտասարդ լրագրողներին խորհուրդ եմ տալիս չկարդալ ինտերնետում նրանց հոդվածներին վերաբերող մեկնաբանությունները»,-ասում է Մերիթ Կոպլինը՝ բացատրելով, թե հիմնականում վիրավորանքներ եւ հայհոյանքներ են լինում:
Դրանք ջնջվում են մոդերատորների կողմից, մանավանդ որ էստոնական «Դոլֆի»-ն հայտնվեց դատարանում այդ նույն մեկնաբանությունների հետեւանքով: «Էստիմեդիա» հոլդինգի մաս կազմող թերթի տարեկան եկամուտը եղել է 14 մլն եվրո, որի 60 տոկոսը գովազդի, իսկ 40 տոկոսը՝ բաժանորդագրության արդյունքում: Թերթը վաճառվում է 1,5 եվրոյով:
Ինտերնետային լրատվության ժամանակաշրջանում թերթը դեռ ունի 50000 տպաքանակ: Ըստ գլխավոր խմբագրի՝ եթե թերթն առավոտյան ժամը յոթին չհասնի ընթերցողին`մինչ տանից դուրս գալը, այն այլեւս չեն կարդա: Իրենք խստորեն հետեւում են դրան:
Ի դեպ, թերթը գրեթե ամեն օր տեղեկանում է իր ընթերցողների կորստի մասին: Երբ նա հրաժեշտ է տալիս կյանքին, թերթի վերջին էջում հայտնվում է ցավակցագիր: Այդ վճարովի է, եւ , ինչպես նշում է Postimees-ի գլխավոր խմբագիրը, բավականին թանկ է՝մի քանի տողի համար 40-80 եվրո:
Կարինե Ասատրյան
Տալլին