Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջը սպանողին պահանջում են ցմահ ազատազրկել (տեսանյութ)

Հասարակություն
dat

Կնոջը դանակահարությամբ սպանած ամբաստանյալ Արսեն Առաքելյանն իրեն մասամբ է մեղավոր ճանաչում։ Այսօր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանում դատական նիստի ժամանակ ամբաստանյալն ասաց, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա։ Ամբաստանյալի փաստաբան Կարեն Ստեփանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ իր պաշտպանյալի գործին կցեն նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր։ Այս հանգամանքը շատ բարկացրեց տուժող Լուսինե Դավթյանի հարազատներին։ «Ի՞նչ անմեղսունակ, ի՞նչ գժի թուղթ, նրա խելքը լավ էլ տեղն ա եղել, չեք տեսնում, եթե խելքը տեղը չլներ, այդպես ելույթ կունենա՞ր դատարանի դահլիճում», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տուժողի բարեկամ Նելլի Երոյանը։ Նա պատմում է, որ սպանվածը՝ Լուսինեն, հաճախ է խոշտանգումների ենթարկվել ամուսնու կողմից. «Միշտ ծեծում էր, չէր թողում հարևանների հետ անգամ շփվել, Լուսինեն էլ վախից ոչ ոքի հետ չէր կիսվում»։ Տուժողի հարազատները փաստում են՝ 16 տարվա ամուսինները բնակվում էին Մուսալեռ գյուղում` մի փոքրիկ տնակում, հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, ամուսինը եթե անգամ ֆիզիկական բռնություն չի գործել կնոջ նկատմամբ, ապա հոգեբանական ճնշումներն անպակաս են եղել: Տուժողի մայր Մարիետա Դավթյանի խոսքով՝ իր դստերը խոշտանգել են. «Միշտ էլ աղջկաս հետ վատ ա եղել, ծեծել ա, ջարդել, բաժանվել- եկելա, մեկ էլ հետ եկել ա տարել, վախեցրել է աղջկան, գիշերը օձը բերել է աղջկաս աչքերի առաջ մաս- մաս բաժանելով սատկացրել, աղջկաս էլ ասել՝ եթե բաժանվես քո ծնողներին էլ էսպես կսպանեմ»,- պատմում է Մարիետա Դավթյանը։ Նա պահանջում է, որ նախկին փեսային ցմահ դատապարտեն։ Լուսինե Դավթյանի սկեսուրը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իր տղայի և հարսի վատ հարաբերությունների պատճառը եղել է Լուսինեի մայրը. «Լուսինեն ինձ հետ շատ լավ էր, բայց հենց գնում էր մոր մոտ, գալիս էր շատ փոխված, իմ հետ չէր էլ խոսում», - նշեց նա։ Հաջորդ դատական նիստին պատշաճ պատրաստվելու համար դատավորը դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 9-ը։ Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում։ Օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը՝ Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: