Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ. Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները վտանգի խմբում են (տեսանյութ)

Հասարակություն
1-472-266

Հակոբը ՄԻԱՎ-ով վարակվել է պատահական  սեռական հարաբերության հետևանքով 36-ամյա Հակոբը (անունը պայմանական է, տղամարդն ինքն է առաջարկել այն) 2 տարի է՝ գիտի, որ ունի ՄԻԱՎ: Կարծում է՝ վարակվել է 3-4 տարի առաջ: Հակոբը Ռուսաստանում է իմացել, որ հիվանդ է։ Նա նախկինում էլ Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացել էր՝ աշխատելով շինարարության ոլորտում։ Հակոբի խոսքով՝ վարակվել է պատահական և անպաշպան սեռական հարաբերության միջոցով։ «Վստահեցի զուգընկերուհուս՝ չկասկածելով անգամ, որ նման գեղեցիկ և առողջ արտաքին ունեցող կինը կարող է ՄԻԱՎ ունենալ: Շատ անսպասելի էր, չէի ուզում հավատալ, որ նման բան ինձ հետ կարող է պատահել»,- «Ա1+»-ին ասում է Հակոբը։ «Վերջին տարիներին բավականին մեծացել է միգրացիայի գործոնի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ՄԻԱՎ վարակի դեպքերի ընդհանուր թվի վրա։ Այսպես, վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում»,- «Ա1+»-ին ասում է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանում մեծահասակ բնակչության շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 0,9% է՝ 4,5 անգամ ավելի, քան Հայաստանում: Ռուսաստանի որոշ քաղաքներում 30-34 տարիքային խմբում այդ ցուցանիշը տատանվում է 3-10%-ի սահմաններում: Zhaneta Petrosyan  «Ընդհանուր բնակչության շրջանում հիվանդության նման տարածվածության պայմաններում ռիսկային վարքագծի դրսևորման դեպքում զգալիորեն մեծանում է վարակվելու հավանականությունը»,- ասում է Ժանետա Պետրոսյանը: Ըստ Ռուսաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման և դրա դեմ պայքարի գիտամեթոդական դաշնային կենտրոնի կայքի՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ երկրում նախնական տվյալներով գրանցվել է ռուսաստացիների շրջանում ՄԻԱՎ-ի 799 հազար դեպք: Վերջին 5 տարում Ռուսաստանում ՄԻԱՎ ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է: 2013թ.-ին Հայաստանում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի 67%-ում առկա է միգրացիայի գործոնը. դեպքերի 54%-ն արտերկրում վարակվածներն են, մոտ 13%-ը՝ նրանց զուգընկերները: Իսկ 2012թ.-ին Հայաստանում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերում միգրացիայի գործոնն առկա է 82%-ում. 62%-ը դարձյալ արտերկրում վարակվածներն էին, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները: Արտերկրում վարակվածներին ՄԻԱՎ-ը փոխանցվել է հիմնականում հետերոսեքսուալ հարաբերություններով: Ըստ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տվյալների ՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերն առհասարակ ամենից շատ փոխանցվում են հետերոսեքսուալ ուղով (60%), այնուհետև թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով (31%): 1988թ.-ից մինչև 2014թ. փետրվարի 28-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1649 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թթ. ազգային ծրագրի՝ վերջին 5 տարում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղին թմրամիջոցների ներարկային օգտագործումից անցել է հետերոսեքսուալ ճանապարհի: Վերջին 10 տարում հետերոսեքսուլ ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակման դեպքերն աճել են 2 անգամ` 2000թ.-ին 28%-ից հասնելով 58%-ի 2010թ.-ին: ՄԻԱՎ-ով ապրող գրեթե բոլոր կանայք (98%) վարակվել են սեռական ճանապարհով: Հակոբի կնոջը, սակայն, հաջողվել է խուսափել այս խնդրից։ «Բարեբախտաբար, ես չեմ հասցրել վարակել նրան։ Հիմա մենք միայն պաշտպանված սեռական հարաբերություններ ենք ունենում: Մենք արդեն ունենք մեկ երեխա, և պլանավորում ենք ունենալ երկրորդը: Քանի որ ես հակառետրովիրուսային բուժում եմ ստանում, ապա բժիշկները ասում են, որ կարող եմ առանց կնոջս վարակելու, լինելով բժիշկների հսկողության տակ, ունենալ երկրորդ երեխան»,- նշում է Հակոբը։ Նա մեկ տարի է, հաճախում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, որտեղ շփվում է ՄԻԱՎ-ով ապրող այլ մարդկանց հետ, մասնակցում փոխօգնության խմբերին, ստանում սոցիալական և հոգեբանական աջակցություն: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն նաև աշխատանքներ է կատարում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը վերացնելու, բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ը կանխարգելելու համար։ ՀԿ-ի մոտ 400 շահառուի 60-70%-ը ՄԻԱՎ-ով Հայաստան է վերադարձել Ռուսաստանից, Ուկրաինայից: Sam Tadevosyan«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ համանախագահ Սեմ Թադևոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք գրեթե 3 տարի «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ ՄԻԱՎ-ի փոխանցան ուղիների վերաբերյալ իրազեկող վարժանքներ են անցկացրել Լոռու մարզի 10 գյուղում, որտեղից աշխատանքային միգրանտների հոսքն առավել մեծ է: Այդ գյուղերի գրեթե բոլոր միգրանտներն էլ անբավարար գիտելիքներ են ունեցել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին: «Հասարակությունը միշտ մտածում է, որ դա մեր հիվանդությունը չէ, թմրամիջոց օգտագործող մարդկանց կամ սեռական ծառայություն տրամադրող կանանց հիվանդություն է: Ընթացքում կարողացանք իրար հետ աշխատելով հասնել այն արդյունքին, որ ոչ մեկս ապահովագրված չենք դրանից, ու կարելի է պաշտպանված լինել, պետք է իմանալ փոխանցման ուղիները և շարունակել կյանքը, քանի որ նրանք, միևնույն է՝ մեկնելու են, միևնույն է՝ վերադառնալու են»,- հավելում է Սեմ Թադևոսյանը: Ըստ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) տվյալների՝ Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվը 2013թ.-ին եղել է 587 հազար, 2012թ.-ին՝ 507 հազար, 2011թ.-ին՝ 713 հազար: Սակայն ՀՀ Միգրացիոն պետական ծառայության խորհրդատու Վահան Բախշեցյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ չկա իրական վիճակագրություն, թե տարեկան ՀՀ քանի քաղաքացի է մեկնում Ռուսաստան և քանիսը՝ վերադառնում: ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան գրասենյակը փակվել է, սակայն միգրանտների շրջանում կանխարգելման աշխատանքները շարունակվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016թ. ազգային ծրագրում միգրանտները դիտարկվում են որպես առավել վտանգի ենթարկվող առանձին խումբ: Ծրագրով 2013-2016թթ.-ին, ընդհանուր առմամբ, նախատեսված է 493 մլն դրամ՝ միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը նվազեցնելու ռազմավարական նպատակին հասնելու համար։Ազգային ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) աջակցությամբ: Lena Nanushyan «ՄԱԿ-ի բոլոր կառույցներն էլ որոշակի մասնակցություն ունեն ՄԻԱՎ-ի կանխարգելման գործընթացում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան ծրագրային համակարգող, առողջապահության կազմակերպիչ Լենա Նանուշյանը: 2013թ. ամռանը ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան գրասենյակը փակվեց: Լենա Նանուշյանի խոսքով՝ պատճառն այն էր, որ ՄԱԿ-ն առավել առաջնահերթ համարեց կենտրոնանալը ՄԻԱՎ-ի ավելի մեծ տարածվածություն ունեցող երկրների վրա: Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դրանք Ռուսաստանն ու Ուկրաինան են: ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան գրասենյակը  հիմնվել էր 2004թ.: Գրասենյակի աշխատանքի՝ միգրանտների մասով նախատեսած արդյունքներից էին առավել հասանելի դարձնել ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվությունը և կանխարգելման, նաև սոցիալական և իրավաբանական ծառայությունները: Լենա Նանուշյանը հավելում է՝ գրասենյակի աշխատանքն անցած տարիներին կենտրոնացել էր «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության  կանխարգելման  մասին» ՀՀ օրենքում, ենթաօրենսդրական ակտերում՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականություն պարունակվող դրույթները վերացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու վրա: Այժմ ՄԱՁԻԱՀ-ը Հայաստանում իրականացնում է «Տեխնիկական աջակցություն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար» ծրագիրը («Ռուսական ծրագիր»), որը Հայաստանում համակարգում է Լենա Նանուշյանը: Ծրագրի ֆինանսավորողը Ռուսաստանի կառավարությունն է: Այն մինչ հայաստանյան գրասենյակի փակվելը՝ 2012թ. դեկտեմբերին, հուշագիր էր կնքել ՄԱՁԻԱՀ-ի հետ և մոտ 16 մլն դոլար է տրամադրում՝ չորս երկրում (Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Հայաստան) ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներ կատարելու համար: Ծրագրի տևողությունը 2,5 տարի է: «Ծրագրի մեծ բաղադրիչ մասը, բնականաբար, միգրանտների շրջանում միջոցառումների իրականացումն է: Մեր գործընկեր կազմակերպությունը, որը իրականացնում է այդ բաղադրիչը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է»,- ասում է Լենա Նանուշյանը: Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում 6 մարզի՝ միգրացիայի առումով առավել խոցելի 60 համայնքում կլոր սեղանների միջոցով բնակիչները տեղեկացվել են ՄԻԱՎ-ի, դրա կանխարգելման, փոխանցման մասին: Այնուհետև վերապատրաստվել են բուժաշխատողները, կրթվել համայնքների խորհրդատուները, որոնք, իրենց հերթին, կրթական սեմինարներ են անցկացրել իրենց բնակիչների համար:  Հաջորդ քայլն այն է, որ դեկտեմբերից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միջոցով համայնքների բուժհիմնարկներում անցկացվել է ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ միգրանտների արյան թեստավորում՝ կամավոր և անվճար: Թեստավորման արդյունքում արդեն հայտնաբերվել են ՄԻԱՎ ունեցող մարդիկ: 2Լենա Նանուշյանն ակնկալում է, որ նրանք կսկսեն հակառետրովիրուսային բուժում ստանալ՝ ընդգծելով, որ այսօր ՄԱՁԻԱՀ-ը շատ կարևորում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժումը։ Այն կանխարգելվում է հիվանդության հետագա բարդությունները։ Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թթ. ազգային ծրագրի՝ հակառետրովիրուսային բուժում ստացող հիվանդների շրջանում Հայաստանում գրանցված մահացության մակարդակը 0,35% է, իսկ չստացողների շրջանում՝ 35%: Բացի դրանից՝ բուժում ստացող մարդու կողմից հիվանդությունն առողջին փոխանցելու հավանականությունը զգալիորեն նվազում է։ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ ինչպես նախկինում, 2014-ին ևս կիրականացվի ՄԻԱՎ-ի վարքագծային և կենսաբանական հետազոտություն, որում «Ռուսական ծրագրի» միջոցով այս տարի կընդգրկվի նաև միգրանտների խումբը: «2014 թվականից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն ընդլայնել է միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումները ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ՝ ներառելով ևս 40 համայնք հանրապետության 10 մարզերում»,- իր հերթին տեղեկացնում է Ժանետա Պետրոսյանը: Լենա Նանուշյանը ՄԻԱՎ-ի դեպքերի նվազեցման գործում կարևորում է միգրանտների հատկապես տեղեկացվածության բարձրացումը և վարքագծի, մտածելակերպի փոփոխությունը: Նա մեջբերում է «Ռուսական ծրագրի»՝ ՄԻԱՎ ունեցող շահառուներից մեկի այն խոսքերը, որ «ես կարծում էի, թե անհնար կլինի, որ Ռուսաստանում ընդամենը մեկ պատահական սեռական հարաբերության միջոցով վարակվեմ ՄԻԱՎ-ով»: «Շատ հետաքրքիր է մարդկանց այդ տրամաբանությունը, որ մեկ սեռական հարաբերությունը ոչինչ է, ու համարյա զրո է հավանականությունը, որ ինքը կվարակվի ՄԻԱՎ-ով»,- ասում է Լենա Նանուշյանը: Նա հավելում է, որ հենց մարդկանց տեղեկացնելու և հիվանդներին հայտնաբերելու, բուժում տրամադրելու արդյունքում է, որ եթե 10 տարի առաջ աշխարհում գրանցվում էր ՄԻԱՎ-ի տարեկան մոտ 3,5 մլն նոր դեպք, ապա 2012-2013թթ. այդ ցուցանիշը տարեկան մոտ 2,3 մլն է: Աշխատանքային որոշ միգրանտների համար ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվության աղբյուրը կողքի տղաներն ու հորեղբայրներն են ՄԻԱՎ-ի մասին բավարար գիտելիքներ չունենալու պատկերը ստացվեց նաև Երևանի Սասունցի Դավթի կայարանում հավաքված, Ռուսաստան մեկնել պատրաստվող աշխատանքային միգրանտների շրջանում մարտին մեր անցկացրած հարցման արդյունքում: 3Արտաշատի 21-ամյա բնակիչ Արթուրը մեկնում էր Մոսկվա՝ քարի մշակման գործարանում աշխատելու: Արթուրը Ռուսաստանում նախկինում չէր եղել: Նա ընդհանրապես չգիտեր ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին, և որ Ռուսաստանում հիվանդությունը մի քանի անգամ ավելի տարածված է, քան Հայաստանում: Արթուրին ճանապարհելու եկած մեկ այլ երիտասարդ՝ նույնպես Արթուր անունով, 6 տարի սեզոնային արտագնա աշխատանքի էր գնացել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Արարատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուրը նախատեսում էր նորից գնալ Ռուսաստան աշխատելու, հենց իր մուտքը այդ երկիր նորից թույլատրվի: ՄԻԱՎ-ի փոխանցման մասին հարցը լսելուց հետո Արթուրն ասաց. «Փառք Աստծու, 6-7 տարի է, ոչ մի բան չկա։ Աշխատում եմ ճանաչեմ տվյալ աղջկան գոնե մի 70 տոկոս: Կարող է ես չզգամ, չիմանամ, բայց կողքից մեկը ասի: Ոչ մի տղա էլ չի ուզում, որ կողքի տղան վարակվի: Աշխատում ենք «ճանապարհայինների» հետ շփում չունենալ»: Արթուրի ընկերը, ով լսում էր մեր զրույցն, ասաց. «Էս տղերքը հո չե՞ն գնում խուժանություն անեն: 80 տոկոսը գնում ա փող աշխատելու, ոչ թե կայֆերով ֆռֆռալու»: Կայարանում էր նաև 23-ամյա երևանցի Աշոտը, ով մեկ շաբաթից առաջին անգամ Պետերբուրգ՝ շինարար աշխատելու էր գնալու: Նա ասաց, որ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին կիմանա, երբ Ռուսաստան հասնի: «Լիքը հորողբերներ կան, հորողբոր տղերք կա, ընդեղ կասեն, էլի»,- ասաց Աշոտը: Մեր այն դիտարկմանը, որ ՄԻԱՎ ունեցող մարդը կարող է արտաքինից միանգամայն առողջ լինել, Աշոտը պատասխանեց. «Նույնն էլ կարա ստեղ լինի»: Մեր զրույցի վերջում, սակայն, Աշոտը համաձայնեց, որ եթե ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներն իմանա մինչ Ռուսաստան հասնելը, ապա շատ ավելի պաշտպանված կլինի: «Խորհուրդը ձեր կլսենք, կիմանանք, նոր կէթանք»,- խոստացավ նա: Մինչդեռ ՄԻԱՎ-ով ապրող Հակոբը դրանում վստահ է։ «Արտագնա աշխատանքի մեկնող միգրանտի հետ հարկավոր է աշխատանքներ տանել մինչև մեկնելը, ինչպես նաև այնտեղ՝ Ռուսաստանում: Մարդը պետք է իմանա ՄԻԱՎ վարակի մասին, փոխանցման ուղիների մասին, ինչպես նաև նրան պետք է հասանելի լինի պահպանակը»,- ասում է Հակոբը: migratsiaԺանետա Պետրոսյանի գնահատմամբ ևս՝ միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման համար կարևոր են ոչ միայն Հայաստանում իրականացվող աշխատանքները, այլև ՄԻԱՎ-ին առնչվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը մուտքի երկրներում: Այնինչ մուտքի երկրների օրենսդրությունը մեծացում է ՄԻԱՎ-ի նկատմամբ միգրանտների խոցելիությունը: «ՄԻԱՎ-ով ապրողների համար տեղաշարժման, կեցության սահմանափակումներն ու արգելքները հեռացնում են միգրանտներին առողջապահական ծառայություններից, ստիպում բնակվել և աշխատել անօրինական կերպով, քանի որ ըստ ՌԴ գործող օրենսդրության՝ ժամանակավոր աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասին տեղեկանք, իսկ ՄԻԱՎ վարակ ունեցողները ենթակա են երկրից արտաքսման»,- նշում է Ժանետա Պետրոսյանը: Այս խտրականության հետևանքով Ռուսաստանում գտնվող հայաստանցի աշխատանքային միգրանտները փնտրում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն չանցնելու ուղիներ: Դա իր հերթին հանգեցնում է նրան, որ հիվանդությունն ախտորոշվում է արդեն ուշացած: ՄԻԱՎ-ով ապրող միգրանտներն էլ ստիպված են լինում թաքցնել իրենց կարգավիճակը՝ զրկված լինելով բուժգնության հնարավորությունից կամ հաճախ ստիպված լինելով ընդհատել այդքան կարևոր բուժումը: Սոնա Ավագյան Լուսանկարները և տեսանյութը՝ հեղինակի