Կարկուտն ու անձրևը խափանեցին առևտուրը «Վերնիսաժում» (տեսանյութ)
Երևանի «Վերնիսաժը» հաշված րոպեների ընթացքում վերածվեց սպիտակ դաշտի։ «Վերնիսաժում» առևտուր անողներից շատերը անսպասելի սկսված ուժեղ կարկուտի ու անձրևի ժամանակ պատսպարվել էին ցելոֆանների, հովանոցների տակ, հանդիպակաց մայթին գտնվող «Երևաննախագծի» շենքի մուտքում։ Նրանք «Ա1+»-ին ասացին, որ թեև հասցրին հավաքել իրենց ապրանքը, սակայն այսօր և հավանաբար նաև վաղն այլևս առևտուր անել չեն կարողանա։ «Էլ ո՞վ կկանգնի։ Կարող է կանգնեն մարդիկ, բայց մենք հաստատ՝ չէ, որովհետև ծառերից արդեն ցեխաջուր է թափվելու»,- ասում էին նրանք։ Շենքի մուտքում պատսպարված վաճառականները զբաղվում են հին հագուստի ու իրերի, իրենց խոսքով՝ «տան ապրանքների», «քրջուփալասի» վաճառքով։ Նրանցից ոմանք ասում էին, որ օր է լինում, ընդհանրապես որևէ բան չեն կարողանում վաճառնել, իսկ եթե լավ ապրանք են ունենում, օրական 2-3 հազար դրամի առևտուր են անում։ Նրան օրական 300 դրամ են վճարում «Վերնիսաժում» 1 քառ մետր զբաղեցնելու համար, բայց այսօր տուն են գնալու՝ առանց առևտուր անելու։