Կհայտարարվի՞ տրանսպորտի նոր սակագին
Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում կկայանա Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Հիշեցնենք, որ Երեւանի ուղեւորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը եւ հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը, տվյալները կներկայացվեն հանձնաժողովի անդամներին, այնուհետեւ հանրային քննարկումներ տեղի կունենան։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 20-ից տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 50 դրամով, սակայն հասարակական դժգոհության արդյունքում այն ժամանակավորապես կասեցվեց։ Ակցիաներ էին անցկացվում «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։ Ակցիային միացել էին նաեւ հայտնի մարդիկ։ Ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գների բարձրացումը չեղյալ հայտարարեց եւ քաղաքապետարանում ձեւավորվեց հատուկ հանձնաժողով՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վճարումը վերանայելու որոշման մշակման համար։