Ծանրամարտի առաջնությանը՝ երիտասարդացված կազմով
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հիմնականում երիտասարդներով համալրված կլինի Իսրայելում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Թել Ավիվում մրցահարթակ կմտնեն Եվրոպայի փոխչեմպիոն, երեւանցի Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ), Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր, էջմիածինցի Վանիկ Ավետիսյանը (65 կգ), աշխարհի նախկին չեմպիոն, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը, Եվրոպայի նախկին չեմպիոն, էջմիածինցի Առաքել Միրզոյանը (երկուսն էլ 77 կգ), համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, երեւանցի Աղասի Աղասյանը (87 կգ) եւ գերծանրքաշայիններ, աշխարհի երիտասարդների նախկին չեմպիոն, արարատցի Ռուբեն Ալեքսանյանը ու Եվրոպայի երիտասարդականի ոսկե դափնեկիր, գյումրեցի Հայկ Հակոբյանը: Հայաստանի կանանց հավաքականը Իսրայելի մայրաքաղաք կմեկնի հետևյալ կազմով . Էլեն Գրիգորյան (48 կգ, Քասախ), Աննա Գովելյան (53 կգ, Գյումրի) եւ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյան (+ 75 կգ, Քասախ): Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 5-ին, իսկ կավարտվի ապրիլի 13-ին: