Վարդան Պետրոսյանի պաշտպանները չկային
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստն այսօր ընթացավ առանց նրա ֆրանսիացի փաստաբանների։ Նրանք մեկնել են, բայց հաջորդ դատական նիստին անպայման ներկա կլինեն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2013 թ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի համար, երբ Վարդան Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի մեքենան բախվել էր «Նիվա»-ին։ «Նիվա»-ի երկու անչափահաս ուղեւորները՝ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին։ Իսկ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դատական նիստի ընթացքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղարշակ Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ կասկածի տակ դնելով նրա անաչառությունը։ Սակայն դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց այն։ Գործով նաեւ թարգմանիչ է ներգրավվել։ Նա Ֆրանսիայից ժամանած փաստաբանների համար թարգմանություններ կանի։ «Պատրաստվում ենք դիմադրել անօրինություններին»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։