Արա Զոհրաբյանը կկարդա ՍԴ որոշումն ու կհայտնի դիրքորոշում (տեսանյութ)
Գրագետ փաստաբանը կարող է ստիպել դատարանին եւ նախաքննության մարմնին եւս աշխատել: Այս համոզմանն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որն այսօր Փաստաբանական դպրոցն ավարտած 63 ունկնդրի որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահն էր: Նա գոհ է դպրոցի առաջին հոսքի որակական հատկանիշներից, սակայն փորձում են որակի հարցում ինքնաքննադատական մոտեցում ունենալ. «Փաստաբանական դպրոցը որակապես մենք վերազինել ենք, այսինքն` էլ ավելի ենք որակը բարձրացնելու. համեմատական կարգով ավելի որակյալ կադրեր ենք ունենում, քան առաջ: Նախկինում իրավաբանները քննություն էին հանձնում ու միանգամից դառնում էին փաստաբան, հիմա` պետք է մեկ անգամ ընդունվեն դպրոց, մեկ տարի սովորեն: Ի դեպ, քանակական իմաստով մենք դեռ աճելու տեղ ունենք. բնակչության թվով մենք կարող ենք 3 անգամ աճել: Այժմ ունենք 1430 փաստաբան, որոնցից ակտիվ են մոտ 800-ը: Փաստաբանի որակավորման իմաստով Արա Զոհրաբյանը կարեւորեց փաստաբանի վարքագծի կանոնագրքի յուրացումը. «Շատ կարեւոր է, որ փաստաբանն իմանա խաղի կանոնները, որը թույլ կտա նրան զերծ պահել կոռուպցիոն ճանապարհներով գնալուց»: Պարոն Զոհրաբյանը «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ Պարտադիր կուտակային համակարգին ու ՍԴ կայացրած որոշմանը, որը տարընկալումների տեղիք է տվել. «ՍԴ-ն է մեկնաբանում Սահմանադրության նորմերը: Փաստաբանների պալատի դիրքորոշումը դեռ չեմ կարող հայտնել, քանի որ անձամբ ես այդ որոշումը դեռ չեմ կարդացել: Քննական այս գործընթացի ավարտից հետո կկարդամ, ու կորոշենք հետագա անելիքները: Մենք իրավական գործընթացի կողմնակից ենք ու իրավական հայտարարություններ ենք կատարում: Մենք որեւէ քաղաքական գործընթացի չենք մասնակցում ու չենք էլ մասնակցելու»: