Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատմվածքը կտպագրվի
Անկախ «Օրանժ գրքի մրցանակ 2013թ»-ի մրցանակաբաշխության արդյունքներից, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը կստանա մրցանակ։ «Ես գտնում եմ, որ մեծ անարդարություն է կատարվել, եւ չեմ կարծում, որ որեւէ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար իմաստ ունի բանտարկյալին զրկել իր ստեղծագործական իրավունքներից»,-ասաց թարգմանիչ Սամվել Մկրտչյանը։ Մհեր Ենոքյանի պատմվածքը մրցանակաբաշխության քվեարկությունից հանվել է։ Պատճառաբանությունը՝ եթե ցմահ դատապարտյալը մրցանակ ստանա, դա չի բխի «Օրանժ» ընկերության կոմերցիոն շահերից: Պատմվածքն, այնուամենայնիվ, կտպագրվի։ Հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը, ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Մաշտոցի պուրակում հանգանակություն էին կազմակերպել՝ դատապարտյալի պատմվածքի տպագրության համար։ «Շատ կուզեի, որ քաղաքացիների ավելի մեծ բանակ էստեղ լիներ, իրականում սա քաղաքացիական դիրքորոշում է, որը պետք է մեր հասարակությանը»,-նշեց գրող Անուշ Քոչարյանը։ Ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը, ով նույնպես մասնակցում է դրամահավաքին, վստահ է՝ եթե Ֆրանսիայում այս նույն պատկերը լիներ, ապա մեծ աղմուկ կբարձրանար։ «Ես չեմ գտնում որակի տարբերություն շահած գործերի եւ Մհերի գրածի մեջ։ Իսկապես Մհերը գրող է։ Կարելի է բավականին լայնորեն մեկնաբանել իր գրածները, ի տարբերություն մյուսների»,-նշեց լրագրողը։ Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքի տպագրության համար անհրաժեշտ է 300 հազար դրամ։