Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի այգիների նոր նախագծերը.լուսանկարներ

Հասարակություն
kax4

Մեկնարկել են Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին, վարձակալի կողմից, ինչն, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Ծրագրի արդյունքում հանգստի այս գոտին բնակիչներին կներկայանա նորովի և ապահովված կլինի լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. «Համալիր ծրագրի արդյունքում, պահպանելով բարեկարգման բոլոր բաղադրիչները, խնդիր է դրված արդիականացնել մանկական ատրակցիոնները, ոռոգման համակարգը, ինչն իր հերթին հնարավորություն կտա թարմացնելու ծառուղիներն ու սիզամարգերը: Ճարտարապետական նոր լուծումներով էլ կարդիականացվեն այգում առկա և ներկայումս գործող օբյեկտներն ու շինությունները»,- այսօր ասել է Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը: Անդրադառնալով Գլխավոր պողոտայի Վերնիսաժին և Մալիբու սրճարանին հարակից հանգստի գոտիների բարեկարգման նախագծերին՝ Սիրեկան Օհանյանը նշել է, որ վերը նշված զբոսայգիների վերակառուցումը ևս անհրաժեշտություն էր. «Սարյան - Մաշտոց, ինչպես նաև Նալբանդյան - Հանրապետության փողոցներին հարակից հատվածներում գտնվող 1970-ական թվականներին շահագործման հանձնված հանգստի այս գոտիներն արդեն տասնամյակներ շարունակ կորցրել էին իրենց նպատակային նշանակությունը: Բարեկարգման ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում, և այգիները կվերագտնեն իրենց երբեմնի հմայքը: Հարկ է նշել, որ այգիների նախկին նախագծային լուծումներն ու կանաչ տարածքները պահպանվելու են: Կարդիականացվեն առկա ջրավազաններն ու շատրվանային համալիրները, կավելանան սիզամարգերը, կտնկվեն Երևանի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներ: Կարող եմ վստահեցնել, որ արդյունքում այդ գոտիները կդառնան ավելի բարեկարգ և ավելի կանաչապատ՝ ապահովելով հարմարավետ նոր միջավայր»,- նշել է Սիրեկան Օհանյանը: Ընթացիկ տարում կավարտվի նաև Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման ծրագիրը: Շուրջ 7 հա կազմող տարածքում ևս կստեղծվեն հանգստի հարմարավետ պայմաններ: Կարդիականացվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգերը: Պանթեոնի հարակից այգու տարածքը, որն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, ամբողջությամբ կվերակառուցվի ու կդառնա քաղաքային նշանակության լիարժեք հանգստի գոտի: Սիրեկան Օհանյանը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրերով Ստեփանակերտում վերակառուցվող Ազատամարտիկների այգու նախագիծը: Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագիրն, ըստ էության, գործընկեր քաղաք Երևանի նվերն է ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Վերակառուցման ծրագրի արդյունքում ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատամարտիկների այգին կներկայանա նորովի ու նոր հնարավորություններով: Բանախոսի ներկայացմամբ՝ հանգստի գոտիներից բացի, Երևանի զարգացման ծրագրերում առանձնակի կարևորվել է նաև նոր շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը. «Նմանատիպ ծրագրերից է Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող նոր ճանապարհի կառուցումը, որն, ըստ էության, Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու տրամաբանական շարունակությունն է դառնալու»,- նշել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը: Ընդհանուր առմամբ, 2014թ.-ին նախատեսված այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման ծրագրի արդյունքում ընթացիկ տարում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հա տարածքով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:   kax   kax2 kax3 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն