Եզդիները Նոր տարին նշեցին Երեւանի կենտրոնում
Տոնական սեղան՝ ավանդական ուտեստներով: Երեւանի կենտրոնական այգիներից մեկում եզդիները նշեցին իրենց նոր տարին՝ Չարշամա Սրսալեն։ Ուտեստներից յուրաքանաչյուրն իր խորհուրդն ունի եւ պատրաստման եղանակը։
«Հալվան է, գաթան, փոխինձը, բլիթները։ Սա օրենքով մենք անում ենք սաջի վրա, սարքում ենք՝ մեջը մեղր եւ կարագ ենք լցնում»,-ասաց Բելլա Թամոյանը։
Ավանդական սեղանին իրենց ուրույն տեղն ունեն ներկած հավկիթները։ Եզդիներն այն ներկում են 4 գույնով` կարմիր, կանաչ , դեղին եւ սպիտակ. «Կանաչը խորհրդանշում է բնությունը, կարմիրը խորհրդանշում է ծաղիկները, դեղինը` արեւը, սպիտակը`սկիզբը, ի սկզբանե ամեն ինչ սպիտակ է եղել»,-նշում են եզդի համայնքի ներկայացուցիչները։
Իրենց նոր տարին եզդիներն սկսում ննջեցյալ հարազատներին այցելելով։ Սա էր պատճառը, որ եզդի համայնքի ներկայացուցիչների մեծ մասն այսօր իրենց առաջնորդ Ազիզ Թամոյանի կողքին չէին։
