Հայաստանում է հայտնի օպերատոր Անդրեյ Դեբաբովը
ԵՊՀ-ում վարպետության դասերով հանդես եկավ ռուս հայտնի օպերատոր Անդրեյ Դեբաբովը։ Նա Հայաստան է ժամանել ռուսական «Փոքրիկ վիշապ» ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Հանդիպում-քննարկումը կազմակերպել էին «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսանողների համար կազմակերպվել էր նաեւ ֆիլմերի ցուցադրում։ Օպերատորը ներկայացրեց «Последный день» եւ «Киноман» ֆիլմերը, որից հետո եղավ քննարկում։ Անդրեյ Դեբաբովը ուսանողներին սովորեցրեց օպերատորական նրբություններ, թե ինչպես պետք է ճիշտ աշխատել, որ կողմից չի կարելի նկարել եւ, նաեւ՝ ինչպես է պետք աշխատել օպերատորների հետ։ Հայտնի օպերատորը նշեց նաեւ, որ բացի ֆիլմերից, նկարահանում է նաեւ գովազդային տեսահոլովակներ։ Չի նկարում միայն օղու գովազդներ, քանի որ կարծում է՝ նման գովազդները վատ ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Նա խոսեց նաեւ ֆիլմերի որակից. «Ինչքան փող կա, այնքան էլ լավ ֆիլմ է ստացվում»։ Ինչ վերաբերում է հայ ռեժիսորների եւ օպերատորների աշխատանքներին, Անդրեյ Դեբաբովն ասաց. «Այժմյան ֆիլմերն այնքան էլ չեմ հավանում։ Ավելի շատ խորհրդային տարիների ֆիլմերն են ստացված»։