Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այլընտրանքային վերականգնողական բուժում երեխաների համար

Հասարակություն
ai320401

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ նոր ծրագիր է մեկնարկել՝ ուղղված կազմակերպության շահառուների ամենաթիրախային և կարիքավոր խմբին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքներին։ Ծրագրում ընդգրկված 17 երեխաները կստանան 3 տեսակի այլընտրանքային վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա, արտթերապիա։ Յուրաքանչյուր թերապիայի տևողությունը մեկ ամիս է, ներառում է 12-ական պարապմունք։ «Հիպոթերապիան դարեր ի վեր հայտնի վերականգնողական մեթոդ է, այն ունի ավելի մեծ արդյունավետություն, քան ավանդական մերսումն ու մարզանքը։ Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը։ Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի շարժումներ, ինչպիսիք կատարում է մարդու ողնաշարը, ուստի ձին հեծյալին փոխանցում է ճիշտ շարժման ազդակներ։ Հիպոթերապիան նախատեսված է մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի և մի շարք այլ հենաշարժողական խնդիրների դեպքում: Հիդրոթերապիան, կամ ջրային թերապիան կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում կամ ամրացնում է մկանները, կոփում է, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը, թուլացնում է սպաստիկ (կծկողական) վիճակը։ Ջրային թերապիան վերականգնողական համալիր բուժման անբաժանելի մասն է։ Արտթերապիան իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Սա ամենաազդեցիկ և խոր հոգեբանական և ֆիզիկական մեթոդներից է»,- ներկայացրել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար այսչափ կարևոր ծրագրին աջակցելու համար։ Նարինե Մանուկյանը նկատել է նաև, որ վերջին երկու տարում բազմապատկվել է Երևանի քաղաքապետարանի գործնական ուշադրությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը ակնառու է թիրախային ծրագրերով։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն