ՌԴ Դեսպանի հայտարարությունը` ՀՀ ներքին գործերին խառնվելու փորձ (տեսանյութ)
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Հայկակ Արշամյանն անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այսօրվա հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ պատասխանին` «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում նշեց, որ մեր ԱԳՆ-ն զգուշացնում է մեծ եղբորը, որ խնդիր չկա Հայաստանում՝ «Մենք մեր ՀԿ-ների հետ խնդիր չունենք»։ «Այս նույն դեսպանն աշխատել է նաեւ Վրաստանում, իհարկե ոչ որպես դեսպան։ Այնտեղից ինքը հեռացվել է վրացական իշխանությունների կողմից՝ մեղադրվելով Վրաստանում հեղաշրջում կատարելու փորձի մեջ։ Ցանկացած երկրի դեսպանը, երբ հայտարարություններ է անում, նշանակում է, որ ինքն արտահայտում է իր երկրի իշխանությունների տեսակետը, եթե չի նշում, որ իր անձնական տեսակետն է»,-ասաց վերլուծաբանը։ Հայկակ Արշամյանը գտնում է, որ դեսպանի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների ներքին գործերին խառնվելու քայլ է. «Սա ոտնձգություն է ՀՀ ներքին գործերին։ Կարծում եմ, որ մեր իշխանությունները եւ ԱԳՆ-ն հստակ դիրքորոշում չունեն»։