Բուժքույրերը հավաքվել են Ստեփանակերտում
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան Արցախի Բուժքույրերի միավորման և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացնում է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրնեը թեմայով համագումար: Համագումարին մասնակցում է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ: Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ: Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարևորվեց և այդուհետ բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է: Հայաստանում մասնագիտական այս տոնը նշվում է 2004 թվականից: Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի»» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումարի բացմանը: Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է նման ներկայացուցչական միջոցառման անցկացումն Արցախում, ինչն արդեն դառնում է բարի ավանդույթ եւ անկասկած իր դրական ազդեցությունը կունենա մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա: