«Օրենսդրական զավալն ենք մաքրում» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին եւս մտահոգել էր «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքերում ԱԱԾ-ի առաջարկած փոփոխությունները: Ըստ նրա՝ նախագծում շատ ընդհանրական է անդրադարձվում բոլոր այն ծասխերին, որոնք պետության կողմից վերահսկվում են. «Ես դա կհասկանայի, եթե նշվեր, որ դա վերաբերում է հատուկ կահավորված մեքենաներին կամ հատուկ գաղտնալսման սարքերին: Ընդհանրական ձեւակերպումներ են նշված պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների համար. դրա տակ ամեն ինչ կարող է մտնել»: Արզուման Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք ընդամենը ասում են մասնակի գաղտնիություն. «Արարողակարգերն այնքան էլ հեշտ ու թեթեւ չեն անցնում, ու դրանք չպետք է դարձնել հանրության քննարկման առարկա»: Լեւոն Զուրաբյանը նրա խոսքերից հետո հետեւյալ եզրակացությանը եկավ. «Ձեր ասածից բխում է՝ եթե նախագահն ու վարչապետն այցելում են որեւէ երկիր ու, ասենք՝ Միֆիլա են վարձում ու շքեղ ծախսեր անում, դա կարող է ձեւակերպվել պետական գնում եւ դրա վրա դրվի գաղտնիության գրիֆ: Սա նշանակում է, որ դուք կոռուպցիան պահպանելու եք գաղտնիության շղարշի տակ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց. «Բյուջեում այդ ծախսերը կան, խոսքը վերաբերում է ծառայությունների մատուցմանը: Դրա համար այդ ծախսերը գնումների մասին օրենքում է նշվել: Այդ պատճառով կխնդրեմ հարակից զեկուցողին ավելի հստակ ձեւակերպումներ անել: Ի դեպ, մայիսի 26-ին սկսվում է նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունը, այդ ժամանակ ձեր բոլոր հարցերը կկարողանաք ուղղել»: Դրնաից հետո նա որպես հարակից զեկուցող ամբիոնի մոտ հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին: Վերջինս զարմացած վեր կացավ տեղից ու հայտարարեց, որ ինքը չէ հարակից զեկուցողը: «Ես մեղավոր չեմ, ձեր հանձնաժողովն է այդպես գրել»,- արդարացավ Գալուստ Սահակյանը: ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, իսկ ՀԱԿ-ի քվերակությունը կախված կլինի նրանից, թե ինչ շտկումներ ու հստակեցումներ կանի կառավարությունը, այլապես իրենք եւս դեմ կլինեն: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հայտարարեց, որ սին են այն մտավախությունները, թե հնարավոր է գաղտնիության շղարշի տակ պահել ամեն ինչ. «Ի վերջո, մեր փոքրիկ երկրում ոչինչ հնարավոր չէ գաղտնի պահել: Ու նաեւ, սիրելի կոլեգաներ, մենք այստեղ նստած իրականացնում ենք հանրային վերահսկողություն: Կխնդրեմ՝ հնչեղ արտհայտությունը, թե ծախսերը փակ են, հանրության համար չհնչեցնեք. դրանք բոլորն էլ թափանցիկ են: Նորմատիվ ակտերով դրանք բոլորն էլ սահմանված են: Պետական պաշտոնյաների հանդիպումների ժամանակ չկա աչքաչափով որոշվող ծախսեր: Պետք է ասեմ նաեւ, որ այստեղ նաեւ հրատապության խնդիր չկար՝ նախագիծը հինգ ամիս ԱԺ-ում էր մնացել: Այս գարնանը շատ ժամանակ ծախսելով քաղաքական գործառույթների վրա՝ հիմա մեծ կուտակումներ ենք ունեցել նախագծերի, օրենսդրական զավալը հիմա մաքրում ենք: Ի դեպ, գաղտնին դա թաքունը չէ»: