Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղը

Հասարակություն
heffern1

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը Երևանի թիվ 125 դպրոցում ազդարարեցին «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղի մեկնարկը: Խաղի նպատակն է հարստացնել մեր աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության մասին: Արկածային և մրցակցային ժանրով ստեղված խաղը կնպաստի նաև իրազեկության բարձրացմանն այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են բազմակարծությունը, ժողովրդավարությունը, կանանց և երիտասարդների իրավունքները, խոսքի ազատությունը և այլն: Խաղը տեղադրված է «Dasaran.am» կրթական հարթակում, որին արդեն իսկ միացել են Հայաստանի բոլոր դպրոցները: Այսօր տեղի ունեցած արարողության շրջանակներում 11-15 տարեկան աշակերտներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մրցելու միմյանց հետ: «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղի իրականացումը ապահովել է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ: Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական հաստատություններում: