Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը թույլ չէր տալիս հարց ուղղել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm137164190016

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը պարծեցավ, որ այս տարի ռեկորդ են սահմանել: Ինչպես ինքն ասաց՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ իր ղեկավարած հանձնաժողովին վերաբերող ոլորտների բյուջեների քննարկումները հազիվ ավարտվում էին երեկոյան ժամը 5-ին, ապա այս տարի քիչ անց կավարտեն: Միգուցե պատճառն այն է, որ պարոն Այվազյանն այսօր պատգամավորներին թույլ չէր տալիս ֆինանսական հարցերից բացի, այլ հարցեր ուղղել զեկուցողներին: Այդ առումով նրա նկատողությունները հիմնականում ուղղված էին ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին: Վարդան Այվազյանը նրան նախ թույլ չտվեց հարց ուղղել «Որոտանի» ՀԷԿ-ի շահագործման հետ կապված. «Կոչ եմ անում միայն բյուջեի քննարկմանը վերաբերող հարցեր ուղղել, բովանդակային հարցերը թողնել հետո, քանի որ մենք այսօր շատ հարցեր ունենք»: Վարդան Այվազյանը պատգամավորին հնարավորություն չտվեց նաեւ ստանալ իր հարցի պատասխանը՝ ուղղված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Վերջինս պատրաստակամություն հայտնեց պատասխանելու պարոն Քոքոբելյանի հարցին, թե հանձնաժողովն ինչ աշխատանքներ է իրականացրել անցած տարի կամ ինչ հակամենաշնորհային փաստեր է արձանագրել: «Միայն խնդրում եմ նորից չասեք, օրինակ, ձվի շուկան: Դա ամեն տարի լսում ենք»,- նկատեց Խաչատուր Քոքոբելյանը: Վարդան Այվազյանը նորից միջամտեց ու առաջարկեց նմանատիպ քննարկումները տեղափոխել իր սենյակ, որտեղ բովանդակային առումով կարող են բանավիճել այդ հարցերի շուրջ՝ հենց լրատվամիջոցների ներկայությամբ: