Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒԹԱԿԸ ԿՀՆՉԻ 7 ՕՐ ԱՆԸՆԴՄԵՋ

Մշակույթ

«Դասական երաժշտությունը շոուբիզնես չպետք է դառնա, ես դեմ եմ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը:

Մայիսի 30-ից հունիսի 6-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջութակահարների միջազգային մրցույթ, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը: Սա թվով երկրորդ մրցույթն է, իսկ առաջինը 2003 թվականին դաշնակահարների մրցույթ է եղել:

Առաջին երեք տեղերի համար նախատեսվել են հետեւյալ մրցանակները՝ 15000, 10000 եւ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նաեւ երեքական մրցանակներ` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով՝ երրորդ փուլ անցած մասնակիցների համար:

Մրցույթին կմասնակցեն 16-30 տարեկան ջութակահարներ` 7 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքմենստանից, Չինաստանից: Իսկ ժյուրիի անդամները 6 երկրների ներկայացուցիչներ են:

Ի դեպ, պատվավոր հյուրերի շարքում կլինեն Արամ Խաչատրյանի որդի Կարեն Խաչատրյանը, Վրաստանից դիրիժոր Վադիմ Շուբլաձեն եւ ԱՄՆ-ից դաշնակահար Շահան Արծրունին: