Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ

Մշակույթ

«Կույր եւ թույլ տեսնող երեխաները կարող են հայտնվել գրքերի կախարդական աշխարհում եւ ծանոթանալ լավագույն հեքիաթներին եւ հայ պոեզիայի ընտրանուն» - ասում է «Մանկության մոլորակ» նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը:

«Մանկության մոլորակ»-ը թողարկել է լազերային ձայնասկավառակներ կույր եւ թույլ տեսնող երեխաների համար: Դրանց տիտղոսաթերթերը ներկայացված են նաեւ բրայլյան համակարգով՝ ինչը հնարարավորություն կտա երեխաներին իմանալ՝ ինչ հեքիաթներ են ընդգրկված ձայնասկավառակում: «Խոսող գրքեր»-ում ներառված են Հովհաննես Թումանյանի , Օսկար Ուայլդի, Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների հեքիաթներից, Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» վիպակը, հայ պոեզիայի ընտրանի:

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ձայնասկավառակների շնորհանդեսը: Դրանք, ըստ նախագծի հեղինակի, անվճար բաշխվելու են կույր եւ թույլ տեսնող երեխաներին: Հեքիաթները կարդացել են ինչպես հայտնի դերասաններ, այնպես էլ ուսանողներ: Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող Արամ Հարությունյանը, որը կարդացել է Թումանյանի ստեղծագործություններից, ասում է, որ այս հեքիաթները հաճույքով կլսեն նաեւ առանց հատուկ կարիքների երեխաները:

Ի դեպ, այսօր լրանում է «Մանկության մոլորակ» ինտերնետային կայքի մեկ տարին: Այս կայքում ներկայացված են հայ եւ օտարազգի գրողների հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, բանաստեղծությունենր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Հեքիաթները նկարազարդել են Ազգային գեղագիտական կենտրոնի սաները: Ինտերնետային այս կայքում տեղադրված է նաեւ լսողության խանգարումներ ունեցողներների հետ հաղորդակացվելու հայկական ժեստերի էջ: