Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ

Մշակույթ

«Նիկոլի գունային աշխարհը ինձ շատ հարազատ է: Սա գույների տոնախմբություն է: Այստեղ գույները խոսում են, երգում, շարժվում»,-այսօր ՀՀ ազգային գրադարանում Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսի ժամանակ նրա նկարների մասին ասաց բանաստեղծ, երգիչ, խմբավար, դերասան Էքնոսը:

Ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ ազգային գրադարանը, որը նվիրվում է Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին:

Նկարիչների միության անդամ Նիկոլ Աղաբաբյանը 1986 թ.-ից տարբեր երկրներում ցուցահանդեսներ է ունեցել: Այսօրվա ցուցադրությանը ներկայացված էր 25 գեղանկար: Ըստ նկարչի՝ սա ավելի շատ երեւութական ցուցահանդես է: Նա էլ սկզբում բոլոր երեխաների նման խզբզել է, սակայն ինստիտուտից հետո սկսել է նկարել:

Բանաստեղծ Էքնոսը նկարների մասին նաեւ արտահայտվեց. «Այստեղ մեղեդի է: Արեւի լուսապատկերն եմ տեսնում, որի մեջ բոլորս բնակվեցինք: Նա մեզ տարավ այն թագավորության սահմանների անսահմանելին, որտեղ յուրաքանչյուրս կուզեինք ապրել, որի անունն է սեր, գունային սեր: Սեր, որը գիտե միայն սիրելու պայմաններ թելադրել, այսինքն, դրա հակառակը նորից սերն է: Նա իր վրձնի միջոցով շարժվող բնություն է պատկերել: Նա իր ինքնատիպ գեղանկարչությամբ մի աղոթք կարդաց»:

Իսկ նկարիչը մեկ նախադասությամբ իր ցուցահանդեսը կոչեց. «Սա իմ աշխարհն է»: