Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Սպորտ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը վաղը Աբովյանի քաղաքային մարզադաշտում 18:00-ին կմրցի Իսրայելի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը կազմավորված է բացառապես Ֆրանսիայում հանդես եկող ֆրանսահայ ռեգբիստներից: 2005թ. ապրլին Հայաստանի ռեգբիի հավաքականը դարձել է ռեգբիի համաշխարհային ֆեդերացիայի անդամ եւ արդեն իրավունք ունի պաշտոնական հանդիպումներ անցկացնել:

Առաջին պաշտոնական խաղում հայերը հանդիպել են նույն Իսրայելին նրա հարկի տակ, այս տարվա մայիսին եւ հաղթել են 47:15 հաշվով: Եթե Աբովյանում էլ կարողանան հաջող արդյունքի հասնել, այսինքն` չպարտվել 33 մաիվորի տարբերությամբ, ապա Եվրոպայի ռեգբիի որակավորման առաջին փուլը կհաղթահարեն եւ կմցրեն էլ ավելի ուժեղ թիմերի հետ:

Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆի Երամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է Հայաստանում զարգացնել ռեգբին. «Մենք առաջին անգամ ենք եկել Հայաստան եւ փորձում ենք աստեղ ինչ–որ արդյունքի հասնել: Այժմ հավաքականը գոյատեւում է ֆրանսիացի հովհանավորների շնորհիվ: Ֆրանսիայում 400 հազարից ավելի հայ կա եւ ֆրանսիացիները սիրում են մեզ: Հայաստանի կառավարությունը մեզ ոչ մի բանով չի աջակցում: Այստեղ նույնիսկ մեր մասին չգիտեին եւ երբ ժամանեցինք Հայաստան, գիտեին թե Ֆրասնիայի հավաքականն է»:

Ընդհանրապես Ֆրանսիայում ռեգբին շատ տարածված մարզաձեւ է եւ այս երկրի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում: Ֆրանսիայում ամենաճանաչված ռեգբիստը 25-ամյա Դամյեն Մինասյանն է «Բրիվ» ակումբից, սակայն նա չի ցանկացել հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ հույս ունի հրավերք ստանալ Ֆրանսիայի ազգային թիմից:

Այսօր Հայաստանի եւ Իսրայելի թիմերը վերջին մարզումներն էին անցկացնում հանդիպումից առաջ: Մեզ հաջողվեց հանդիպել միայն Իսրայելի հավաքականին, որը մարզվում էր Երեւանի «Սպարտակ» մարզադաշտում: Իսրայելցները մի փոքր զարմացած էին դաշտի անորակությունից եւ պայմանների բացակայությունից, բայց մարզվում էին աշխուժորեն: