Դատարանն անփոփոխ թողեց «Մանանա Գրեյն»-ի գործով դատավճիռը
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց «Մանանա Գրեյն» ընկերությունից 56 միլիոն 400 հազար դրամի գողության գործով դատավճիռը՝ մերժելով պաշտպանների բողոքը։ Հարազատները ամոթանքներ հնչեցրեցին դատարանի հասցեին։ Գողություն կատարելու մեջ մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանը դատապարտվել էր 7, իսկ Աշոտ Առուշանյանը 5,5 տարվա ազատազրկման՝ հանցագործության կատարմանը օժանդակելու համար։ «Գուրգեն Նիկողոսյանը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենն է՝ Արմաշի Գուգոն, որ ամեն ինչ արեց, որ քննություն չկատարվի, որովհետեւ օբյեկտիվ քննության դեպքում գործը տանում էր Արմաշ գյուղ, Սուրենավան եւ իր շրջապատը»,- նշում է Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը։ Առաջիկայում նա խոստանում է այլ անուններ հրապարակել։ Իսկ պաշտպանը հիշեցնում է՝ կրկին հրապարակվեց վարկածի հիման վրա դատավճիռ։ «Եթե սա դառնա նախադեպ, խայտառակություն կլինի, իրավաբանության վրա խաչ կքաշենք։ Ես երկու օր առաջ ասում էի, մեր Վճռաբեկ դատարանը ընդունվել է 0 կուրս, հիմա կարող եմ ասել, որ Վերաքննիչ դատարանը նույնիսկ դպրոցը չի ավարտել, որովհետեւ վարկածն ու ապացույցը իրարից չի տարբերում»,- ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։ Աշոտ Առուշանյանը 11 օր է հացադուլի մեջ է։ Հարազատները, սակայն, կհորդորեն դադարեցնել հացադուլը։ «Սրանց համար մարդկային կյանքը նշանակություն չունի։ Հիմա, երևի, թիկունքում էլ ծիծաղում են մեզ վրա»,- ցավով նշում է Աշոտի մայրը՝ Անահիտ Առուշանյանը։ Դատավճիռը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան։