Դեսպանը կարեւորել է օպերատիվ տեղեկությունների փոխանակումը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Նախարարը նշեց, որ առողջապահության և բժշկագիտության բնագավառում բազմակողմանի համագործակցությունըսկսվել է 1996թ. Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների կողմից համաձայնագրի ստորագրումից հետո։ «Մենք համագործակցում ենք առաջնային և մասնագիտացված բուժօգնության, մոր և մանկան առողջության պահպանման, կանխարգելիչ բժշկության և շրջակա միջավայրի պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասաց Արմեն Մուրադյանը` աշխարհում էբոլա վիրուսի ակտիվացման պայմաններում կարևորելով հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման գործում տեղեկատվության առավել ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը։ Օպերատիվ առողջապահական տեղեկությունների փոխանակումը կարևորվեց նաև Գուրբաննազար Նազարովի կողմից։ Նա պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ոլորտում համագործակցության առավել ակտիվացմանը։ «Վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք միջկառավարական համաժողովի ընթացքում առողջապահության ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ անմիջական քննարկումների արդյունքում համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա»,-ասաց դեսպանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, ախտորոշման առաջնակարգմիջոցներ ունի, այլև` կրթական արդյունավետ համակարգ։ Նախարարը հավաստեց, որ, իրոք, համագործակցության մեծ դաշտ կա։ «Մենք պատրաստ ենք բաց աշխատելու և լավագույն մեր փորձը փոխանցելու»,-ասաց Արմեն Մուրադյանը`մասնավորապես անդրադառնալով Հայաստանում սրտաբանական, ինչպես նաև սպորտային վերականգնողական ծառայություններին։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցինընդլայնելու առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը բժշկական ծառայությունների զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթական և այլ ոլորտներում։ «Վստահ եմ, որ այն կնպաստի ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարը։ Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։