Նոր խաղահրապարակներ՝ Բերդի տարածաշրջանում
Երկու խաղահրապարակ, մեկ սպորտդահլիճ, խոհարակական մեկ դասարան՝ այսօրվանից պաշտոնապես պատրաստ են, հանդիսավոր բացված ու հանձնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին:
Տավուշցի սահմանապահ կրտսեր սերունդն այսուհետ ավելի լավ պայմաններում մարզվելու, մրցույթներ անցկացնելու ու սովորելու հնարավորություն ունեն Հայ օգնության ֆոնդի 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի շնորհիվ:
Անցած երկու ամիսներին ՀՕՖ-ը բացօթյա խաղահրապարակներ է կառուցվել Տավուշ գյուղի միջնակարգ ու Բերդի թիվ 1 դպրոցներում, վերանորոգել է Բերդի թիվ 1 դպրոցի Սպորտային դահլիճը, մասնակի նորոգել ու կահավորել է Բերդի արհեստագործական ուսումնարանի խոհարարական դասարանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաեւ Բերդի ավագի դպրոցի խաղահրապարակի ու Չինչին գյուղի դպրոցի արհեստների սենյակի ու սանհանգույցի վերանորոգումն ու կառուցումը, որ ավարտին կհասցվի դեկտեմբերի կեսերին:
«Ոգեւորիչն այն է, որ այս ամենը ստեղծվել է ՀՕՖ-ի ներդրումների ու տեղաբնակների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Շինարարական աշխատանքներին մասնակցել են եւ՛ ուսուցիչները, եւ՛ ծնողները, եւ՛ աշակերտները»,- Տավուշ գյուղի խաղահրապարակի բացմանն ասել է ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանը: