«Այն ԶԼՄ-ն, որն իշխանությանը չի քննադատում, խնայում է նաեւ ԲՀԿ-ին»
«Երբ խոսքը գնում էր ընդդիմության մասին, ապա շատ հետաքրքիր միտում էր նկատվում։ Այն լրատվամիջոցները, որոնք իշխանություններին չէին քննադատում, չէին քննադատում նաև ընդդիմադիր քառյակից «Բարգավաճ Հայաստան»-ին, և եթե լրատվամիջոցները քննադատում էին իշխանությանը, ապա «Բարգավաճը» ավելի ագրեսիվ քննադատության էր արժանանում»,- «Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները» թեմայով զեկույցի ժամանակ հայտնել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Հոկտեմբեր ամսին Երևանի մամուլի ակումբի և «Դոյչե Վելե » ակադեմիայի համատեղ հետազոտություններից պարզ է դարձել, որ Ուկրաինայի և Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունը, տեղեկատվական պատերազմի մթնոլորտը մեր լրատվամիջոցների վրա քիչ ազդեցություն է ունեցել. «Եվ ընդհանուր ծավալի մեջ այնպիսի հրապարակումներ, որոնք պարունակում էին ատելության լեզու երեք երկրների ԶԼՄ- ներում, կազմում էին ընդունելի տոկոս՝ 2-3,5 տոկոս», - տեղեկացրել է ակումբի նախագահը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի հրապարակումներում ատելության և թշնամության լեզուն ուղղված է էթնիկ խմբերին, հիմնականում հայերին, թշնամության լեզու կան նաև այն հրապարակումներում, որոնք վերաբերում են իրենց ընդդիմադիրներին և , իհարկե, թշնամության լեզվի դրսևորումներ նկատվում են ուղղված միջազգային կառույցներին. առաջին հերթին այդ ատելությունն ուղղված էր Ռուսաստանին, հետո՝ Հայաստանին , ԵԽԽՎ-ին ու ԵԱՀԿ-ին։ Ըստ ուսումնասիրությունների, Վրաստանում և Հայաստանում թշնամության լեզվի դիրքորոշումներ օգտագործվում են ներքաղաքական կյանքում։ Հայաստանում լրատվամիջոցների էմոցիոնալ արձագանքները ՝ թշնամության լեզվի օգտագործմամբ, հիմնականում Սուրեն Խաչատրյանի մարզպետ նշանակելու և Շանթ Հարությունյանին դատապարտելու համատեքստում էին։ Հայաստանում թշնամության լեզու ամենից շատ օգտագործում են լրագրողները, Վրաստանում քաղաքական գործիչները, իսկ Ադրբեջանում՝ պաշտոնյաները։