Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնականները միմյանց մեղադրում են գրագողության մեջ (տեսանյութ)

Հասարակություն
nkar

Հայաստանի ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, Հայկ Մելիք-Ադամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանին մեղադրում է գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների և գրագողության մեջ։ «Կարախանյանը բանեցնում է իր վարչական ռեսուրսը՝ այսինքն փորձում է անցնել ոչ թե որպես գիտնական, այլ որպես ինստիտուտի տնօրեն, որպես թղթակից անդամ»,-ասաց Հայկ Մելիք-Ադամյանը։ Վերջինիս խոսքերով՝ Կարախանյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խախտել է ակադեմիայի կանոնակարգը՝ ինստիտուտի ղեկավար պաշտոնների համար երբեք մրցույթ չի հայտարարել և նշանակել է միայն իր ուզած մարդկանց։ Բանախոսի փոխանցմամբ՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ևս քաջատեղյակ է այս պրոբլեմին, բայց շատ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել՝ փորձում են ծածկադմփոց անել։ Ասուլիսին Արկադի Կարախանյանը ներկա չէր, նրա փոխարեն եկել էր նույն իսնտիտուտի գիտական գծով փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ Վերջինս հակադարձեց՝ շեշտելով, որ ԳԱԱ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան մասնագիտական հանձնաժողով, որը ուսումնասիրելու է այդ խնդիրները և ներկայացնելու է մասնագիտական եզրակացություն։ Նա էլ իր հերթին մեղադրեց Հայկ Մելիք-Ադամյանին ապատեղեկատվություն տարածելու և նախկինում ևս գրագողության մեջ մեղադրելու փորձ կատարելու մեջ։ «Ա1+»-ի այն հարցին, ապա ինչու այդ դեպքում պարոն Մելիք-Ադամյանին պատասխանատվության չեք ենթարկում, եթե նա ստահոդ լուրեր է տարածում, Մելիքսեթյանը ի պատասխան ասաց. «Ինստիտուտում կա բարյացակամ և դեմոկրատական մթնոլորտ, և մենք նպատակահարմար չենք գտնում դատարան դիմել, քանի որ մեր դատարաները գիտական գրագողության գործեր վարելու փորձ չունեն, և ընդհանրապես մենք չենք ուզում սրել իրավիճակը»։ Հիշեցնենք, որ 2014թ-ի նոյեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական խորհրդում որպես երկրաբանություն մասնագիտության թղթակից անդամի թեկնածու առաջադրվել է նույն ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանի թեկնածությունը։