Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առցանց անվճար դասընթացներ՝ տարբեր մասնագիտություններով (տեսանյութ)

Հասարակություն
d42bd06114f227ad62a5faedaeed928b

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է անվճար հեռավար դասընթացների մեկնարկի և գործերի ընդունելության մասին։ «Հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը նշեց, որ դասընթացները մեկնարկում են սույն թվականի դեկտեմբերի 15-ից ՝ 5-6 շաբաթ տևողությամբ. հունվարի 30-ին դասընթացները կավարտվեն։ Նրա խոսքերով՝ ծրագրի մեկնարկը եղել է դեռևս անցյալ տարվանից և իրականացվում է Համաշխարհային բանկի նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ու նրանց ֆինանսավորմամբ։ «Դասընթացները ամբողջովին լինելու են առցանց, սովորելու եք տնից՝ ձեզ հարմար ժամին, մի քանի դասընթացներ ուղղակի անցկացվելու են վեբ-կոնֆերանսների տարբերակով ՝ այսինքն երեկոյան ժամերին, անհրաժեշտ է լինել համացանցում՝ սինխրոն շփման տեսքով դասընթացը անցկացնելու համար»,-նշեց Արուսյակ Հարությունյանը։ Վերջինս ավելացրեց նաև, որ այն մասնակիցներին, ովքեր կկարողանան հաջողությամբ ավարտել դասընթացները, տրվելու է նաև մասնակցության հավաստագիր՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից։ Բանախոսի փոխանցմամբ՝ լինելու է նաև ինտերակտիվ վարժություններ, ձայնագրություններ, ինչպես նաև կիրառվելու են տարբեր տեխնոլոգիաներ։ «Ծրագրի նպատակը լրացուցիչ կրթություն տրամադրելն է այն բոլոր անձանց, ովքեր ցանկանում են որևէ կերպ լրացնել իրենց գիտելիքի բացը, քանի որ արդիական պահանջ ներկայացնող դասընթացներ են։ Ի սկզբանե մենք շեշտը դրել էինք գործազուրկների վրա՝ հույս ունենալով, որ այս անվճար կրթությունը թույլ կտա նրանց լրացուցիչ գիտելիք ձեռք բերել և կարողանալ և գտնել իրենց տեղը շուկայում, սակայն սոցկարիքների գնահատման արդյունքներ ցույց տվեցին, որ ավելի շատ աշխատող մարդիկ են հետաքրքրված լրացուցիչ հեռավար կրթությամբ, քանի որ իրենք արդեն իսկ հստակ գիտեն, թե ինչպիսի գիտելիքների պակաս իրենք ունեն»,-ընդգծեց ծրագրի ղեկավարը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում վերոնշյալ ծրագիրը։ Դասավանդողները լինելու են ԵՊՀ-ի և Մանկավարժական համալսարանի փորձագետները։ Բանախոսի հավաստմամբ՝ դասընթացներին գրանցվելու որևէ սահմանափակում չկա, արդեն իսկ կա 70-80 դիմորդ։ Դասընթացների ցանկում են՝ Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, բնապահպանություն և բնօգտագործում, շուկայաբանություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և մի շարք այլ մասնագիտություններ։