Լավագույն աստղագետները հեռանում են (տեսանյութ)
«Առայժմ մենք կարող ենք հպարտանալ մեր գիտությամբ»,- աստղագիտական տարին ամփոփելով՝ ասել է հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը։ Չնայած դրան՝ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատողը համոզված է, որ գնալով այդ դիրքերը կարող ենք կորցնել՝ լինելով տնտեսապես թույլ երկիր։ Հայաստանի մյուս ոլորտների համեմատ մեր գիտությունը առաջատար է։ Տարբեր միջազգային կառույցների գնահատմամբ՝ այն զբաղեցնում է 76-րդ տեղը. «Դա էլ ունենք՝ շնորհիվ մեր նախկին ունեցած պոտենցիալի, գիտական բազայի, դպրոցների, ինչու չէ՝ նաև կադրային պոտենցիալի, որ ստեղծել ենք տարիներ շարունակ և որը գնալով քանդում ենք» ։ Ըստ Արեգ Միքայելյանի ՝ նույն պատկերն է նաև աստղադիտարանում՝ միջին տարիքի գիտնականների պակասը մեծ է. «Տարեկան ընդամենը 1-2 երիտասարդ գիտնական ենք կարողանում անդամագրել, ընդունել Բյուրական»։ Ըստ գիտաշխատողի՝ լավագույնները մեկնում են արտասահման, մյուս մասն էլ՝ հենց Հայաստանում անցնում են այլ, բարձր վարձատրվող աշխատանքի։