Դերասանը պատրաստ է տալ իր կյանքը
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն այսօր վերսկսվեց։ Տուժողների, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը` վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց ներկայացնելու հիմքով: Փաստաբանը միջնորդեց տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման, վերականգնման եւ նրա փոխադրման համար դերասանից բռնագանձել 10 մլն 168 հազար դրամ։ Վարդան Պետրոսյանը իր դիրքորոշումը հայտնելիս նշեց, որ հենց հիմա իր կյանքը կարող է տալ Տաթեւիկի համար, եւ իր խիղճը միայն մի բան է ուզում՝ Տաթեւիկի շուտափույթ առողջացումը։ Փաստաբանը մյուս տուժողների մասով մոտ 12 մլն դրամ պահանջեց։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Վարդան Պետրոսյանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Այսօր նախատեսվում է նաեւ մեղադրողի ճառը։