Սաղմի վրա դրված արգելանքը չի հանվի
«Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորված սաղմի վրա դրված արգելանքը չի հանվի։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նինա Կուցանյանի հայցը ՝ արգելանքը հանելու վերաբերյալ։ Դոնորը գործընթացի միայն վերջին փուլում էր հրաժարվել, որ իր սերմով բեղմնավորված սաղմից երեխա ծնվի։ «Մինչեւ այս խնդիրները առաջանալը դոնորը ինձ հայտնել է, որ Խանդանյան Գագոն իր պապայի ծանոթն է, երեւի ծանոթությունները լավ աշխատել են այս դեպքում։ Հովհաննիսյան Հովհաննես դոնորը աշխատում է ռազմական ոստիկանությունում, մայոր է ինքը»,- ասում է Նինա Կուցանյանը։ Նա հիշեցնում է,որ նա փոխնակ մոր միջոցով ցանկանում է զգալ մայրության բերկրանքը, ինչը իրեն թույլ չեն տալիս։ Փաստաբան Հայկ Եգանյանի համար անակնկալ էր այս դատական ակտը. «Կենսունակ սաղմի մասին է խոսքը գնում եւ դրա նկատմամբ գույքային վեճին բնորոշ արգելանքի միջոց կիրառելն աբսուրդ է»։ Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նաեւ ցմահ բանտարկյալ, 20-րդ տարին բանտում գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: Նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը սպասում էր նման ելքի։ «Նման գործը փորձաքար են հասկանալու համար, թե որքանով է մեր իրավական համակարգը արժեւորում մարդուն, որպես արժեք»։ Հիշեցնենք, որ վարույթի նորոգման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային թերթում տեղ գտած հոդվածը։ «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը։ «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի`հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն Իրանի դեսպանը խոստացել է քաղաքական սկանդալ բարձրացնել։ Իսկ Գլխավոր դատախազությունը տարիներ անց պատճառաբանել է, որ դատարաններն անկախ են, ուստի ինքնուրույն են դատական ակտ կայացնում։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։