1100 երիտասարդ դասախոսներ և գիտնականներ լքել են բուհերը (տեսանյութ)
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը ահազանգում է՝ որոշ բուհերին ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձնելու՝ Կառավարության որոշումը չի լուծում բուհական համակարգում պարտադիր կուտակային սոցվճարների պատճառով առաջացած խնդիրները։ «Երբ ընդունվեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը», մենք զգուշացնում էինք, որ այն կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։ Արդյունքում մոտ 1100 երիտասարդ գիտնականներ և դասախոսներ, ովքեր համատեղության կարգով աշխատում էին բուհերում, դիմումներ են գրել և դուրս են եկել աշխատանքից, քանի որ նպատակահարմար չեն գտել այդքան ցածր աշխատավարձով աշխատել և միևնույն ժամանակ ստիպված երկու տեղից էլ պարտադիր սոցվճարումներ անել»,-մեկնաբանում է նա։ Կառավարության կողմից բուհերին հիմնադրամի կարգավիճակ տալը թույլ է տալիս երիտասարդ դասախոսներին սոցվճարումներ անել միայն բուհի աշխատավարձից, ինչը պարոն Վաղարշակյանի կարծիքով՝ քողարկված և անարդյունավետ քաղաքականություն է։ «Նախ ոչ բոլոր բուհերն են ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձել՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Արվեստի ինստիտուտներ՝ Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի և մարզերի բուհերի դասախոսները շարունակում են նախկին կարգով սոցվճարումներ անել և երկրորդ՝ հիմնադրամ դառնալով փոխվելու է նաև բուհերի կառավարման խորհուրդը և ռեկտորների աշխատանքը այսուհետև տարիքային սահմանափակում չի ունենալու։ Այսօրվա իշխանությունների հանդեպ վստահության քվե չկա և դժվար է հավատալ, որ այս որոշումը ինչ-որ բան կխոխի»։