Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող այս Նոր տարին ավելի լուսավորի մեր հոգին. Մ. Գրիգորյանի ուղերձը

Հասարակություն
57582cd9e102d6630bf4bf41d7b74148

ՀՀ Երկրապահ կամավորականների  միության, եռասերունդ երկրապահի  և անձամբ իմ անունից  շնորհավորում  եմ  համայն  հայությանը  Ամանորի և Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ,  մաղթում մեր ժողովրդին  բարօրություն, համախմբում  և միասնություն: Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել  մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով  հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերին: Շնորհավորում եմ  Հայաստանում ապրող մեր ժողովրդին,  ցանկանում ամուր հավատ  եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում  տոկունություն ինքնության պահպանման հարցում: Շնորհավորում եմ հայոց բանակին՝ զինվորից Գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Շնորհավորում եմ հայոց հերոս մայրերին`  հերոսներ ծնող հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ: Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք: Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները` մենք հուշագրեր ստորագրեցինք պետականության կարեւորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր  ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության  հզորացման: Եկող   տարին նշանակալից է հատկապես  նրանով, որ աշխարհասփյուռ  հայերով, պետականորեն   և առաջադեմ համայն  մարդկության հետ միասին   նշելու ենք  Հայոց մեծ Ցեղասպանության   100-րդ տարելիցը: Ցեղասպանության  իրողության 100-րդ  տարելիցի   ազգովի  արձանագրումը  նորոգում է  մեր ուխտը  հայոց պետականության հանդեպ, որի գոյությունը  ոչ միայն բացառում է ցեղասպանության  կրկնությունը, այլ նաև միջազգային  ասպարեզներում  բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը: Այո, մենք պահանջատեր ենք և պահանջատիրական մեր իրավունքից ելնելով  ես պատգամ եմ հղում  համայն հայությանը, որ  մինչև հիսուն տարեկան բոլոր հայերը ի հակահարված ցեղասպանության իրագործման պատասխանատուներին, հանուն համայն հայության հզորացմանը  զավակներ ունենան: Եվս անգամ շնորհավորում եմ  համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին  Ամանորի և Սուրբ  Ծննդյան տոների  առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն: Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք  երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով: ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ                                           Մ.  Ս.   ԳՐԻԳՈՐՅԱՆ