Տնօրհնեքի արարողություն Նյու Յորքում
Ամեն տարի, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան օրերին, ԱՄՆ Արևելյան Թեմի առաջնորդ՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը այցելության է գալիս Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարան, որտեղ մեծ հանդիսությամբ տեղի է ունենում Տնօրհնեքի արարողություն ։
Տնօրհնեքի համար ամենակարևոր նյութերն են ՝ Հացը, Ջուրը և Աղը։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։ Հացը՝ որպես Հիսուսի մարմին, Ջուրը՝ մկրտություն, Աղը ՝ Երկրի համը ։ Սրբազանին ներկայացվեց նաև Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնական հանդեսը, որտեղ տարբեր դասարանների աշակերտների կատարմամբ հնչեցին խմբակային երգեր՝ «Ճրագալույց», «Ձեզի Մեզի Մեծ Ավետիս» տոնական երգերը, ասմունք և պար։ Ավանդական Տնօրհնեքի արարողությունից հետո Սրբազանը մի շարք հարցեր տվեց աշակերտներին, որոնց նրանք մեծ հետաքրքրությամբ պատասխանեցին։ Հանդեսի ժամանակ մի խումբ երեխաներ իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին Սրբազանին ։ Այսօրվա արարողությանը մասնակցում էին երեք սարկավագներ, որոնցից մեկը՝ Գրիգոր Ղազարյանը, նույն վարժարանի շրջանավարտներից է։ Հանդեսի վերջում Սրբազան Հայրը վարժարանի բոլոր աշակերտներին նվիրեց փոքրիկ փայտե խաչեր, որ օրհնված էին Սբ․Էջմիածինում ։ Հանդեսին ներկա էր նաև Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ, Արժ․Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասյանը։
Սրբազանը իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Ազգային Վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին, որի անմիջական ղեկավարությամբ կազմակերպվել էր այս գեղեցիկ միջոցառումը ։
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որին շրջանավարտների հետ միասին մասնակցեց նաև ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի