Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն. ԻՔՄ
Հայտարարություն Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն: Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը «շղթա» կազմեց և խոչընդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, քանի որ վերջինս որևէ սահմանափակում չի ներառում դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի վերաբերյալ: Հավաքի մասնակիցների մեջ իրոք կային ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ, որոնց վրդովեցրել էր Ոստիկանության կողմից երթի կասեցումը: Ոստիկանությունը, իր հերթին, ագրեսիվ քաղաքացիների մեկուսացնելու փոխարեն սկսեց հավաքը ուժով դադարեցնելու ուղղված գործողություններ, որոնց ընթացքում կիրառվեցին հատուկ միջոցներ (լուսաձայնային նռնակներ, մահակներ): Ոստիկանության այդ անիրավաչափ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ, ինչը, անշուշտ, էլ ավելի կատաղեցրեց հավաքի մասնակիցներին և դրդեց վերջիններիս ուժ կիրառել ոստիկանության դեմ: Այդ ամենն իմանալով և նախկինում բազմաթիվ անգամներ հավաքներ ցրելու վարժանքներ անց կացնելով հանդերձ ոստիկանության շղթայի ձախ ֆլագում կանգնած ծառայողները պաշտպանված չէին վահաններով և սաղավարտներով: Ակնհայտ է, որ նման բախման ժամանակ այն ոստիկանները, ում հրահանգված էր առանց սաղավարտերի և վահանների կանգնել առաջին գծում, չէին կարող չտուժել… Ինչը և տեղի ունեցավ: Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին`
- Ինչու ի հեճուկս «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ խոչընդոտվեց քաղաքացիների երթը դեպի ՌԴ հյուպատոսություն,
- Ինչու ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը և ոչ դրա ագրեսիվ մասնակիցների մեկուսացումը,
- Ինչու՞ շուրջ 20 ոստիկանների հրահանգվեց առանց սաղավարտների և վահանների կանգնել առաջին գծում (արևելյան ֆլանգում):