Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթ Հարությունյանի վճիռը նախապես է գրված եղել» (տեսանյութ)

Հասարակություն
shant7

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով ամբաստանյալի աթոռին հայտնվածներին այսօր ամենից շատ հուզում էր Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդը եւ դրանից հետո իշխանությունների արձագանքը։ Պաշտպանները իրենց ճառում նշեցին, որ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործի դեպքում Սերժ Սարգսյանը  խախտել էր անմեղության կանխավարկածը՝ իրենց վստահորդներին համարելով հանցագործներ, ուստի դատարանը չէր կարող արդար դատական վճիռ կայացնել։ Այսօր կայացած դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալները չընդունեցին իրենց մեղքը եւ վերջին խոսքում նշեցին, որ դուրս էին եկել փողոց՝ արժեքների հեղափոխության համար. իրենք դուրս էին եկել պայքարի, որպեսզի Գյումրու դեպքերը չլինեին, ու երկրում իրավիճակը կայուն լիներ։ Պաշտպան Արա Զաքարյանը դատավորներին հորդորեց արդար լինել եւ չենթարկվել Սերժ Սարգսյանին։ Իսկ պաշտպան Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց, որ 14-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել. նրան ասել են, թե հայրն ու ընկերներն արդեն չկան, մահացել են, իսկ դատարանն այս հանգամանքները հաշվի չի առել։ Իսկ այն փաստը, որ Շահեն Հարությունյանը ծեծի է ենթարկել ոստիկանին, պաշտպանի խոսքով, պայմանավորված է եղել նրա հուզական վիճակով, քանի որ որդու աչքի առաջ հորը ծեծել են։ Նրա խոսքով՝ դատավորը 134 էջից բաղկացած մեղադրական վճիռը կայացրել է ընդամենը 1,5 ժամվա ընթացքում, իսկ ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ավելացրեց, որ դա վկայում է այն մասին, որ վճիռը նախապես գրված է եղել, եւ դատավորի դարակում դրված։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 23-ին։