ԱՊՀ երկրներից ամենաբարձր գները Հայաստանում են. ԱՎԾ (տեսանյութ)
«2014 թվականի առաջին կեսին երկրում պարենային ապրանքների գնանկում է արձանագրվել, հաջորդ ամիսներին գներն աճել են»,-հայտնել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Օգոստոս ամսից ապրանքների գների աճ է արձանագրվել։ Գնաճը հատկապես բարձր է եղել տարեվերջին. նոյեմբերին 1,3, դեկտեմբերին՝ 3 տոկոս։ Ընդհանուր առմամբ, 470 անուն ապրանքներից 331-ի գներն աճել են։ Դրանց թվում են բանջարեղենը, կարտոֆիլը, մսամթերքը։ Գնանկում է նկատվել ձկնամթերքի շուկայում։ Հատկանշական է, որ երկրում ամենամեծ գնաճն արձանագրվել է Գյումրիում և Աշտարակում, ամենացածրը՝ մայրաքաղաքում։ ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ գնաճը եղել է հենց մեր երկրում՝ 3 տոկոս, նույնն արձանագրվել է նաև Ուկրաինայում։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցը չի ժխտել. դրամ-դոլար վայրիվերումներն անդրադարձան նաև գների վրա. արհեստական գնաճ նկատվեց։ Իսկ ընդհանրապես, տարեվերջին գնաճի նպաստող հանգամանքներից է նաև գյուղմթերքի սեզոնայնությունը։ Ակնկալվում է, որ առաջիկայում ապրանքների գները կնվազեն։ «Տարեսկզբին 90 ապրանքների մասով արդեն գնանկում կա»,-շեշտել է պարոն Մարտիրոսյանը։