«Քաղաքն ու երկիրը գործողության են սպասում, քաղաքը նստած է 2 ռումբերի վրա»
Գյումրին խաղաղ է, Գյումրիի փողոցներում հիմա որեւէ ցույց կամ երթ չկա, չգիտեմ՝ պլանավորվո՞ւմ է թե՞ ոչ, եթե մի բան լինի՝ կիմանաք՝ ասում է Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ներկայացնում իրավիճակն առավել հանգամանորեն։ «Գլխավորը. սպանությունից հետո հասկացանք, ով հասկացել էր՝ համոզվեց, որ քաղաքը եւ հարակից տարածքները ռումբի վրա են նստած, այդ զորամասերի բառդակից ինչ ասես կարող է առաջանալ: Երկրորդ ռումբը զգում եմ այն բանից հետո, երբ մարդիկ ՀՀ իշխանությունների թուլամորթ վարքից արդարացիորեն զայրացան ու փողոց ելան՝ պահանջներ դրեցին, խոստումներ առան եւ սպասում են: Այդ սպասումը ռումբ է: Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում, մեծացել եմ այս քաղաքում, եւ գիտեմ, որ այս երկրորդ ռումբն էլ է մի օր պայթելու, թող որ սխալվեմ, բայց ինչքան ուշ իշխանությունը գիտակցության եկավ ու գործն առավ իր ձեռը, այնքան մեծանալու է հավանականությունը այն բանի, որ պայթելու է, ինչքան շուտ իշխանությունը տեր եղավ արդար դատին եւ դադարեց լինել ուշադիր դիտորդ, այնքան շուտ է չեզոքանալու հանրային կատաղության ռումբը: Որեւէ մեկը, ով իր դեպուտատ կամ նախարար հալով տարին 2-3 անգամ է լինում քաղաքում, եւ ֆռֆռում է իր շրջապատի ու թիկնապահների հետ, թող չասի, թե ամեն ինչ լավ է, մարդիկ սկսվել են, ռիսկեր չկան: Կան շատ լուրջ ռիսկեր: Ոչ ոք Գյումրիում չի վախեցած ուժայիններից, մահակներից եւ այլ խնդալու բաներից: Բոլորը սպասում են: Չգիտեմ ինչքան են սպասելու, Կոստանյանն ու Սարգսյանը միայն գիտեն՝ ինչքան պիտի սպասեն մարդիկ: Ռուսների հետ ինչ- որ շտաբ-բան սարքելը, ձեւական բան է, համատեղ գործող շտաբ փաստացի կար զինվորի փախուստի մասին մեր ոստիկանությանը հայտնելու պահից, երեկ-էսօրվա հայտարարությունը շտաբ ստեղծելու մասին փաստացի եղած շտաբին իրավական կարգավիճակ տալու մասին է, ոչ մի արմատական փոփոխություն, գործի գլխավոր որոշումների կատարողը մնում է ռուսական կողմը, մերոնք աջակցող կողմ են, պիտի լինի հակառակը: ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱԿԱՌԱԿԸ: Չեք կարող հասնել դրան, հրաժարական տվեք՝ միացեք մեզ: Մեզ մեղադրում են, թե պահանջները գրավոր չեն եղել, այնինչ 200 անգամ գրվել է եւ հասարակ, բանական, ողջամիտ բաները պարտադիր չէր գրավոր ձեւակերպել: Եզրափակելով. քաղաքն ու երկիրը գործողության են սպասում իշխանությունից, քաղաքը նստած է երկու ռումբերի վրա, հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Գ.Կոստանյանի եւ Ս.Սարգսյանի վրա է: Եթե լրացուցիչ պատասխանատվության կարիք առաջացավ, մարդիկ խաղաղ հավաքներով չեն պահանջելու դա՝ իմ կռահելով»: