Երեւանը՝ աշխարհի առաջատար երկրների ցանկում
Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Ուսումնասիրության արդյունքներն առավել մանրամասն ներկայացվել են Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խոսելով էլեկտրոնային կառավարման ոլորտում քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին, նկատել է, որ էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ՝ Ռութգերսի կառավարման գործիքն այսօր գործնականում ամենահամակողմանի և արդյունավետ ինդեքսն է:
119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքէջում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ և քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին: «Յուրաքանչյուր ոլորտի կառավարման համակարգում, թերևս, դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման համակարգում՝ առավել ևս, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ապահովելու համայնք-բնակիչ կապը: 2012 թվականին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքն ամբողջությամբ և արմատապես վերափոխվեց՝ այդ պահից աշխատելով ամենօրյա կատարելագործման ռեժիմով: Կատարված աշխատանքի արդյունքներն ակնհայտ են»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հատկանշական է, որ 2009 թվականի համանուն հետազոտությանը Երևանը չի ներառվել անգամ ուսումնասիրվող հարյուրյակում, այնինչ 2012-ին արդեն մեր մայրաքաղաքը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, իսկ 2014 թվականին գնահատողները էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևան քաղաքը որակել են որպես աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը:
