Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Բարսեղյան. Եթե մեդիան որակով աշխատի, կարող է շատ կարեւոր հետքի վրա դուրս գալ. media.am

Հասարակություն
gyumri6

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, խոսելով Գյումրիում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության ու հանրային բողոքի մասին, գտնում է, որ դեպքի առաջին օրերին Գյումրիում աշխատող լրագրողներից ոչ ոք առանձնահատուկ դերակատարման զգացում չուներ:

«Լրագրողական համերաշխություն կար: Մենք պարզապես աշխատում էինք, ով ինչպես կարող է»,- ասում է նա:

Գյումրիում կատարված սպանության լուրն իմանալուց հետո Դուք ակտիվորեն մեկնաբանել ու լուսաբանել եք դեպքերի ընթացքը սոցցանցերում: Դա լավագու՞յն միջոցն էր այդ պահին:

Յուրաքանչյուրս մեր ներքին ֆիլտրերի միջոցով էր փորձում գտնել տեղեկություն հաղորդելու միջոցը: Նկատվում էր, որ որոշ լրագրողներ նեղվում էին, երբ իրենց պատրաստված նյութերը ավելի ուշ էին եթեր դուրս գալիս, քան իմ գրառումները ցանցում: Բայց այդպես տեղեկությունն ավելի արագ էր դառնում հանրային: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Գյումրիում չկա լրատվամիջոց, որը կարող է դեպքի վայրից ուղիղ հեռարձակումներ կամ առցանց միացումներ թողարկել:

Առանձնահատուկ, երեւելի դերակատարման զգացում որեւէ մեկս չուներ: Մենք պարզապես անում էինք այն, ինչը կարող էինք անել այդ իրավիճակում: Կային լուրեր, որոնք իմ կարծիքով՝ անհապաղ պիտի հաղորդվեին: Պարբերաբար նաեւ նշվում էր, որ այս կամ այն տեղեկությունը ճշտված չէ:

Երբ ինֆորմացիոն առիթն այլեւս ոչ թե սպանություններն էին, այլ հանրային ընդվզումը, փոխվե՞ց արդյոք լրագրության որակը:

Լրատվամիջոցները օպերատիվ լրատվության դիրքերում էին: Որքան նկատել եմ, մեր լրատվամիջոցները կոպիտ, արտառոց խախտումներ չեն արել: Միակ վրիպումը, թերեւս, այն էր, որ առաջին օրից իսկ օգտագործվում էր «հանցագործ» բառը, մինչդեռ դեռ հայտնի չէր, թե ով է մարդասպանը: Բայց դա, երեւ, կարելի է վերագրել լրագրողների էմոցիաներին:

Իսկ բողոքի ցույցերի ժամանակ ես բողոքողներից մեկն էի, եւ քանի դեռ ձեռքումս հեռախոս էր, փորձում էի տեղեկություն հաղորդել երթի, կոչերի, պահանջների, ժողովրդի տեղաշարժի մասին: Փաստորեն այդ պահին լավագույն գործիքներից մեկը դարձել էր Ֆեյսբուքը: Լուրերն այդ հարթակի մեջ լցնելն այդ պահին ամենաարդյունավետ եղանակն եմ համարել:

Հունվարի 14-15-ի ցույցերի ու բախումների արդյունքում, թե՛ մեր, թե՛ ռուսաստանյան իշխանությունները հասկացան, որ տեղեկատվությունը թաքցնելու, կոծկելու, խեղդելու հնարավորություն այլեւս չի լինի: Դա տեղի ունեցավ հիմնականում «Եվրանյուզ» ալիքի ռեպորտաժից հետո, որը ցուցադրվեց դեպքերից չորս օր անց: Փաստորեն այդքան ժամանակ հնարավոր է եղել զսպել ինֆորմացիայի հոսքը: Իսկ հետո՝ արդեն ոչ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում