Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1,5 մլն զոհերի հավաքական սրբադասում կլինի. ինչ պայմաններ են պետք

Հասարակություն
391bd1d8783413dcdf62cecdd5b61708

Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո Հայ առաքելական եկեղեցին կկատարի սրբադասման արարողություն։ Վերջին սուրբը, որ հռչակվել է, հայրապետներից Մովսես Տաթեւացին է։ Սրբադասման համար 4 պայմաններ գոյություն ունեն. նահատակությունը՝ հավատքի եւ հայրենիքի համար, սրբակյացությունը՝սրբակենցաղ բարքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, եւ  հավատքի քարոզչությունը, տարածումը։ Այս 4 պայմանների առկայությամբ է առաջացել ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն կատարելը։ Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում եւ հռչակում է հոգեւոր սխրանքը, ոչ թե սրբացնում է։ Սրբացնողը ժողովուրդն է, եկեղեցին միայն ճանաչում է դա։ Այս մասին այսօր ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «8-9 տարի քննարկումներից հետո առաջարկվեց նահատակների սրբադասման հնարավորությունը քննել։ Շատ քննադատություններից, քաջալերանքներից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, որն էլ նախորդ տարի հաստատվեց։ 1.5մլն–ի մասին խոսք չկա, այլ հավաքական սրբադասում է լինելու։ Մենք անհատական չենք նշելու, այլ հավաքական կլինի»։ Մշակվել է ծիսական արարողություն։ Կարեւոր է սրբերի հռչակումը, վկայաբանության ընթերցումը, նկարների օծումն ու մասունքների հանդեպ խոնարհումը։ Հրավերներ կան՝ուղղված բոլոր եկեղեցիներին, ներկա են լինելու արեւելյան քույր եկեղեցիներ, մեծ պատվիրակություններ կան տարբեր եկեղեցիներից։ Իսկ Պոլսո պատրիարքարանից ներկա կլինե՞ն արդյոք, թե ոչ, սրբազանը դեռ տեղյակ չէ, քանի որ դա շատ նուրբ հարց է պոլսահայության համար։ Կաթոլիկներին եւս հրավեր է ուղարկված։ Բանակցություններ են վարում Հռոմի Պապի գալու հետ կապված, բայց սա էլ դեռ պարզ չէ։ Սրբազանը նշեց նաեւ, որ քաղաքական ենթաշերտ չի դրվել, սա փաստ է, որ եկեղեցին ընդունում ու ճանաչում է սա, որի գաղափարից էլ բխում է պահանջատիրությունը։ Սրբադասումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, Մայր աթոռ սուրբ էջմիածնում։ Ավարտը կլինի 19:15։