Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱԶԱՏՎԻ ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐԻՑ

Մարզեր

Ճապոնիան, Հայաստանի կառավարությունն ու Գյումրու քաղաքապետարանը ուժերը համախմբել եւ նպատակաուղղել են նույն ուղղությամբ՝ ազատվել կենցաղային աղբից՝ վերամշակման տարբերակով: Այդ նպատակով Գյումրի էր ժամանել Ճապոնիայի պատվիրակությունը:

Կիոտոյի պայմանագրին Հայաստանը միացել էր դեռեւս 2004 թվականին եւ դրա շրջանակներում իրականացված գործողություններն առաջին անգամ կիրառվել են Երեւանում՝ Նուբարաշեն համայնքում:

Ծրագիրն արդեն մեկնարկեց նաեւ Գյումրիում: «Կիոտոյի պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք միտված կլինեն մթնոլորտում թունավոր արտանետումների քանակի կրճատմանը»,- ասում է Ճապոնիայի «Շմիձե» ընկերության ներկայացուցիչ Ակիրա Յաշիլը:

Նեխած եւ կուտակված աղբի արտանետած շոգեգազի մշակումը, ըստ մասնագետների, կապահովի էկոլոգիական դրական արդյունք եւ որոշակի ծավալի դեպքում կարելի է օգտագործել նաեւ որպես էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր:

Գյումրիում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ սկզբնական ֆինանսավորումն ապահովելու է ճապոնական կողմը, հետագա աշխատանքները ֆինանսավորվելու են տեղական մարմինների կողմից: Ծրագիրն իրականցվելու է քաղաքային աղբանոցում, համատեղ աշխատելու են ճապոնացի եւ հայ մասնագետները:

Արդեն մեկնարկել է ծրագրի առաջին՝ տարածքի ուսումնասիրության փուլը, որը նախատեսված է ավարտել մինչեւ 2006 թվականի մարտ ամիսը, տեղեկացնում են «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: Առաջին փուլի ավարտից հետո կսկսվեն թափոնների մշակման համար անհրաժեշտ տեխնիկայի մոնտաժման եւ այլ շինարարական աշխատանքները: