Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՉԿԱՆ

Մարզեր

Կրթական ոլորտում իրականացված օպտիմալացման ծրագրով նախատեսվում էր գյուղական համայնքների դպրոցները համալրել մասնագետ ուսուցիչներով,սակայն այս խնդիրը մինչ օրս Շիրակի մարզում վերջնականապես լուծված չէ եւ գյուղական համայնքներում դեռ ուսուցիչների պակաս կա:

Եթե նախորդ 2 տարիների ընթացքում գյուղական վայրեր է գործուղվել 69 մանկավարժ, ապա այս տարի այդ ցուցանիշը ցածր է. գյուղական դպրոցներում աշխատելու է մեկնել 12 մանկավարժ: Շիրակի մարզի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը չժխտեց , որ այսօր աշխատանքը կորցրած ուսուցիչների մեծ բանակ կա դեռ, եւ քչերն են ցանկություն հայտնում իրենց առաջարկած պայմաններով աշխատել:

Հիմնականում մանկավարժների պահանջ կա այն գյուղական դպրոցներում, որտեղ տվյալ առարկայի դասավանդման համար մեկ դրույքաչափը չի ապահովվում: Վիճակը կարգավորելու համար կրթական ոլորտի մասնագետները ելքեր են որոնում: Արդյունքում պարզվել է, որ նման դեպքերում անհրաժեշտ է 2 առարկա տիրապետող մասնագետ, ով կկարողանա աշխատել մեկից ավելի համայնքներում: Նշենք, որ սահմանամերձ եւ լեռնային գյուղերում գործուղված ուսուցիչների համար դեռ առաջարկվում են նախկին պայմանները՝ աշխատավարձից զատ նրանց հատկացվում է ամսական 15հզ դրամ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար: