Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴՅՈՒՆՔ ԿԱ, ԻՍԿ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ` ՈՉ

Սպորտ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը բավական հաջող է հանդես գալիս միջազգային ասպարեզներում եւ այսօր դասակարգման աղյուսակում աշխարհում 28-րդն է: Հայաստանի թիմային մյուս մրցակիցները այսօր անհամեմատ ցածր դիրքեր են զբաղեցնում կամ նույնիսկ չեն մասնակցում միջազգային հանդիպումներին:

Իսկ ահա ֆրանսահայերով համալրված ռեգբիի հավաքականը արդեն 6 պաշտոնական հանդիպում է անցկացրել եւ նույնքան հաղթանակ տոնել:

Ռեգբիի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Փանիկյանը այսօր հրավիված մամուլի ասուլիսում ասաց, որ չնայած հաջող ելույթներին Հայաստանում ուշադրություն չեն դարձնում այս մարզաձեւին եւ ֆինանսական խնդիրներ են առաջանում: Պետական մարմինները, այդ թվում սպորտկոմիտեն ոչնչով չեն աջակցում այս մարզաձեւին: Մասնավորապես գումարներ են անհրաժեշտ, որպեսզի հայ ռեգբիստները Ֆրանսիայից ժամանեն Հայաստան, որպեսզի այստեղ կարողանան մասնակցել պաշտոնական հանդիպումներին: Մինչ այժմ մարզկիները իրենց հաշվին են գնացել տարբեր երկրներ, իսկ ծախսերի մոտ 30 տոկոսը հոգացել է Ռեգբիի համաշխարհային ֆեդերացիան: Շուտով մեկնարկելու է եվրոպական գոտու հերթական ընտրական փուլը, որտեղ Հայաստանը մրցելու է Լիտվայի, Հունգարիայի, Սլովենիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ: Արդեն հայտնի է, որ բուլղարացիների հետ սեփական հարկի հանդիպումը Հայաստանի ռեգբիի հավաքականը կանցկացնի Ֆրանսիայում, սակայն հաջորդ հանդիպումները, ըստ Գագիկ Փանիկյանի, անհրաժեշտ է անցկացնել Հայաստանում. «Մեր ժողովուրդը պետք է տեսնի թե որքան հետաքրքիր խաղ է ռեգբին: Մեր պատանիները պետք է տեսնեն, թե ինչպիսի տղաներ են հանդես գալիս հավաքականում, որ իրենք էլ հրապուրվեն այս խաղով»:

Ֆեդերացիայի նախագահը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ սպորտդպրոցներում բացվեն ռեգբիի խմբեր, որպեսզի հնարավոր լինի կադրեր պատրաստվել եւ Հայաստանում զարգացնել ռեգբին: Այսօր Հայաստանում գործող ռեգբիի պատանեկան խմբերի համար չկան տարրական պայմանները, սկսած խաղադաշտից վերջացրած մարզահագուստից:

Չնայած այս ամենին հայ ռեգբիիստ Ատոմ Շառաֆյանը շուտով մեկնելու է Ֆրանսիա `փորձաշրջան անցնելու տեղի թիմերում: «Ես համոզված եմ, որ այս տղան հանդես կգա ֆրանսիական որեւէ ակումբում եւ մենք կունենանք հայկական ռեգբիի առաջին ծիծեռնակը Եվրոպայում»,- ասաց Գագիկ Փանիկյանը: