Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանամետ բանկիրը` համալիրի տնօրեն

Տնտեսություն

"Այբ-Ֆե" շաբաթաթերթի նյութերից

Սեպտեմբերի 9-ին, երբ ազդարարվեց մարզահամերգային համալիրի վաճառքի մասին, կառույցի նոր սեփականատեր ԲԱՄՕ ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը նույն օրը հայտարարեց, որ համալիրի աշխատակազմը չի փոխվելու` բոլորը մնալու են իրենց տեղերում:

Երբ ԲԱՄՕ-ն մուտք գործեց համալիր, այդ կառույցի տնօրենի ազգանունը Բաղդասարյան էր: Աշխատակազմն արդեն գլխավորում է մեկ այլ մարդ՝ Ստեփան Ստեփանյանը: Լուրը միանգամից փորձեցինք ճշտել ԲԱՄՕ հոլդինգի հայաստանյան ներկայացուցիչ Մասիս Խաչատրյանից: «Եթե ասում եք փոխել ենք, ուրեմն ո՞վ է եղել, հետաքրքիր է ինձ էլ»,- նախկին տնօրենի անունն ու ազգանունը մեզանից էր փորձում համառորեն լսել պարոն Խաչատրյանը: Նրա վկայությամբ, փաստաթղթային ձեւակերպումներից սկսած, այսինքն` համալիրը ձեռք բերելու պահից տնօրենը փոխված է եղել: Ի դեպ, Ստեփան Ստեփանյանը մինչ նոր պաշտոնին անցնելը զբաղեցրել է «Կոնվերսբանկ»-ի (բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի մտերիմներից է) գործերի կառավարչի աթոռը: Հակառակ ԲԱՄՕ հոլդինգի նախագահի խոստումներին, թե կոլեկտիվի բոլոր անդամները մնալու են իրենց տեղերում, կան մարդիկ, որոնք արդեն չեն աշխատում համալիրում: «Ովքեր չեն աշխատում, իրենց ցանկությամբ են դուրս եկել: Շատ չեն, մի երկու հոգի, ովքեր ուրիշ գործեր են ունեցել, համատեղության կարգով են աշխատել: Համերաշխ աշխատում ենք կոլեկտիվի հետ»,- պարզաբանում է Մասիս Խաչատրյանը:

Հաշվի չառնելով արդեն կայացած վաճառքի փաստը, Հայաստանի քաղաքացիները շարունակում են ինքնակամ հավաքել ստորագրություններ` ընդդեմ համալիրի վաճառքի: Այդ ստորագրությունները պարբերաբար հանձնվում են ստորագրահավաքի նախաձեռնող խմբին, որտեղից տեղեկացանք, որ հավաքված ստորագրությունների թիվն արդեն հասնում է 200 հազարի: Նախաձեռնող խմբի անդամները, սակայն, իրենք արդեն չեն զբաղվում ստորագրահավաքով ու նաեւ մտադրություն չունեն ՀՀ իշխանության որեւէ ճյուղին հանձնել ստորագրությունները: Բացատրությունը հետեւյալն է. «Մենք գտնում ենք, որ այս պահին անզոր ենք անիվի թափը կանգնեցնելու, անզոր ենք այդ բիրտ ուժի դեմ: Կհետեւենք, թե ինչպես են կատարվում պայմանագրի կետերը: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կվարվենք: Մարդիկ անընդհատ դիմում են: Հավաքված ստորագրությունները պատմական փաստաթուղթ են»: Ի դեպ, համալիրը վաճառվեց այն պատճառաբանությամբ, որ շենքը շատ վատ վիճակում է: Դրան ի պատասխան` ստորագրահավաքի նախաձեռնողներն ակնարկում են. «Եթե այդքան անմխիթար, չխնամված վիճակում էր, փլվում էր շենքը, այդ ինչպե՞ս է Քոչարյանն ամեն տարի Անկախության տոնն իր շքախմբով նշում այնտեղ»: Կասկածներ կան, որ Մարզահամերգային համալիրի շենքը միտումնավոր է հասցվել վատ վիճակի: Գարնանը «անհետացել» էր շինության տանիքը, ավելի ճիշտ` պղնձյա տանիքի 1000 կիլոգրամանոց հատվածը: Ստորագրահավաքի նախաձեռնող խմբի վկայությամբ, այդ մասին ոստիկանությունը տեղեկացվել է, հայտնի են նաեւ կողոպուտն իրականացրած 3 քաղաքացիները` մեկը համալիրի աշխատակազմից եւ եւս երկու երիտասարդ: Հանցանքի համար, սակայն, ոչ մեկը չի պատժվել եւ գործը փակվել է: «Անհետացած» տանիքի մասից էլ անձրեւաջրերն իրենց գործն են արել` վնասելով շենքը:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ