Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃՆԵՐԸ

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր տուգանել է ավիաուղեւորափոխադրումների ոլորտում աշխատող ընկերություններից մի քանիսին:

1 մլն. դրամով տուգանվեց «Արմավիա» ավիաընկերության տոմսերը վաճառող «Բագրատ-տուր» ընկերությունը: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է, քանի որ հայտնաբերել հանցավոր համագործակցության փաստ: Խնդիրն այն է, որ Հայաստան-Թուրքիա ուղղությամբ չվերթներ իրականացնող ընկերությունները պայմանավորվել են, որ տոմսերը վաճառելու է «Բագրատ-տուրը», իսկ յուրաքանչյուր վաճառված տոմսից 50 դոլարը տալու է թուրքական «Քուլե» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Թաուեր-թրավլ» ընկերությանը:

Հակամրցակցային այս պայմանավորվածության արդյունքում չարաշահում է թույլ տվել «Բագրատ-տուր»-ը, չվերթներ իրականացնելու մենաշնորհ է ձեռք բերել «Արմավիան», իսկ անտեղի եկամուտ ստացել «Թաուեր-թրավլ»-ը: Այդ ամենի հետեւանքով տուժել են ուղեւորները, որոնք ստիպված են եղել նշված ուղղությամբ ավիատոմսերը գնել սովորականից ավելի թանկ գնով:

Ի դեպ, այսօր տուգանված «Բագրատ-տուր» ընկերության ծննդյան օրն էր, ընկերությունը դարձավ 2 տարեկան, բայց յուրօրինակ նվերը չընկճեց ընկերության գործադիր տնօրենին. «Ամեն մի կազմակերպություն էլ կարող է ունենալ իր սխալները: Եթե մենք սխալվել ենք կխնդրենք մյուս ֆիրմաներին նման սխալ թույլ չտալ»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր տուգանվեց նաեւ «Աէրոֆլոտ» ընկերությունը` «Աշուն 2005» ակցիայի ընթացքում թույլ տրված անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու համար: Ընկերության տուգանքը կազմում է 100 հազար դրամ: