Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ

Մարզեր

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում պետք է քննվեր Հովել Մանանդյանի գործն ընդդեմ ՀՀ Սոցիալական ապահովման պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոնի: Ներկա էին երկու կողմերն էլ, սակայն ըստ հայցվոր կողմի պնդման` առանց հիմնավորման նիստը հետաձգվեց:

Հայցվորը 11 ամիս կենսաթոշակ չի ստացել սոցիալական քարտ չունենալու պատճառով: Հայցվորի շահերի պաշտպան Արայիկ Պապինյանը հավաստիացնում է, որ դատական նիստերի անընդհատ հետաձգումները ինչ-որ բանի հետեւանք են: Բացի այդ, «Հինգ ամիս է գործը ուղարկել ենք Վճռաբեկ դատարան, միայն այսօր են նշանակել դատը: Այդ մարդիկ ինչքան կարող են սոված սպասել: Ծանուցագիրն էլ միայն երեկ ենք ստացել, այսինքն՝ նախապատրաստվելու ժամանակ անգամ չենք ունեցել»:

Սակայն նման հետաձգումները հայցվոր կողմի համար սովորական են դարձել, որովհետեւ սա կրկնվել է նաեւ Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում:

Ի դեպ, կենսաթոշակների վճարման պահանջով Վանաձորի առաջին ատյանի դատարանում մերժվել է 18 գործ: 13-ը հասել են Վերաքննիչ դատարան, որից 6-ը լսվել են, 2-ն էլ Վճռաբեկ դատարանում են: Մանանդյանի գործը առաջինն է, որ լսվելու էր Վճռաբեկ դատարանում: