«Ա1+»-ի լրագրողի բողոքը կլսվի այլ դատարանում (տեսանյութ)
«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքը կլսվի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այսօր նման որոշում կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվում էր Մարինե Խաչատրյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու, այն է՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Օհանյանի 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը վերացնելու եւ «Ա1+»–ի լրագրողի քրեական գործը նոր քննության ուղարկելու մասին բողոքը։ Մինչ որոշման հրապարակումը, Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչ կապ ունի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, երբ քննիչն աշխատում է այլ շրջանում։ Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը նշեց, որ դատախազի դիրքորոշումը անօրինական է եւ խնդրում է վերականգնել Մարինե Խաչատրյանի իրավունքները։ Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ դատավորը պատահական նման որոշում չկայացրեց. «Սա լայն հնչեղություն ստացած գործ է»։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 22-ին որոշել էր՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ Կ. Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Դեպքը տեղի էր ունեցել 2014 թ. սեպտեմբերի 9-ին, երբ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր Մարինե Խաչատրյանի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։